Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով բնությանը հասցված վնասները. Ջերմուկի անտառներում դեռ ծխացող օջախներ կան

ՀՀովհաննես Վարդանյան

Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանի բնությանը պատճառվել է էական վնաս: Շրջակա միջավայրի նախարարության, անտառային կոմիտեի, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետներն օրերս ուսումնասիրել են այրված հատվածները, գույքագրել և արձանագրել՝ Վայոց Ձորում՝ անտառածածկ, Սյունիքում և Գեղարքունիքում հիմնականում խոտածածկ տարածքներ են այրվել:

Վլադիմիր Կիրակոսյան (ՀՀ ՇՄՆ անտառային կոմիտեի նախագահ- Հրդեհների հատվածը հիմնականում Վայոց ձորի անտառտնտեսության Ջերմուկի անտառպետության հատվածներում է: Նախնական տվյալներով` մոտ 10 հեկտարի վրա հրդեհ ունենք. Կարմիր գրքում գրանցված Գի կազակական ծառատեսակն է, և էնդեմիկ ծառատեսակներից նաև ունենք տանձենու մի շարք տեսակներ:

Ջերմուկի անտառներում ծխացող օջախներ դեռ կան: Դրանց մոտենալ փրկարարներն այս պահին չեն կարող, քանի որ կարող են հայտնվել թշնամու նշանառության տակ: Անտառային կոմիտեի նախագահի խոսքով՝ ռիսկեր կան, որ ծխացող օջախներից խոշոր հրդեհներ կարող են բռնկվել:

Վլադիմիր Կիրակոսյան - Նաև պետք է ուսումնասիրություն արվի, թե հողերի դեգրադացման հետևանքով մենք ինչ խնդիրներ կարող ենք ունենալ, ժամկետի առումով, վերականգնման առումով չեմ կարող ասել, քանի դեռ ուսումնասիրությունները վերջնական ավարտված չեն:

Կովկասը, ներառյալ` Հայաստանը, համարվում է կենսաբազմազանության գլոբալ թեժ կետերից մեկը: Մեր երկիրը, տարածաշրջանում զբաղեցնելով ընդամենը 6.7 տոկոսը, այստեղ արտահայտված է Կովկասի կենսաբազմազանության 50 տոկոսը: Մեր երկրում աճում է կարմիրգրքյան 452 բուսատեսակ, բնակվում՝ 308 կենդանատեսակ: Ոլորտի պատասխանատուների խոսքով՝ այդ հրդեհները լուրջ խնդիրներ կարող են առաջացնել ինչպես բույսերի, այնպես էլ կենդանատեսակների վերացման տեսանկյունից:

Ոսկեհատ Գրիգորյան (ՀՀ ՇՄՆ ԲՀՊՏԿ քաղաքականության վարչության պետ- Դրանք բերելու են խնդիրներ՝ այստեղ մշտապես բնակվող և միգրացիա իրականացնող կենդանատեսակների համար, որովհետև արդեն իսկ մարդածին ճնշումները շատ մեծ են, իսկ պատերազմական գործողությունները առավել ևս են անդրադառնում այդ կենդանիների բնականոն միգրացիաների և կենսակերպի վրա:

Ջերմուկի անտառներում կենդանիների անկման դեպքեր մասնագետները դեռ չեն արձանագրել: Հայտնի է միայն, որ այդ տարածքներում բնակվում են Կովկասյան ընձառյուծներ, հայկական մուֆլոններ, բեզոարյան այծեր, գորշ արջեր և բազմաթիվ թռչնատեսակներ:

Մեր երկիրը տարիներ շարունակ անդամակցում է միջազգային բնապահպանական կոնվենցիաների: Բնությանը պատճառված վնասների, հնարավոր հետևանքների մասին ոլորտի պատասխանատուները հասցեական արձագանքներ են ակնկալում միջազգային գործընկերներից:

Ոսկեհատ Գրիգորյան - Շրջակա միջավայրի նախարարությունը պաշտոնական գրությամբ իրավիճակի նկարագրով դիմել է միջազգային գործընկեր 6 կազմակերպությունների, այդ թվում նաև` ՄԱԿ-ի խոշոր երեք կոնվենցիաների քարտուղարություններին, նաև Եվրոպայի Բեռլինի կոնվենցիայի քարտուղարությանը՝ նշելով այն տեսակները և կենսաբազմազանությանը սպառնացող վտանգները, որ կարող է կրել Հայաստանն այս իրավիճակում:

Մինչև այս պահը միջազգային կառույցներից որևէ արձագանք դեռ չկա: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինի մասնագետները շարունակում են ուսումնասիրությունը, հաշվարկում բնությանը հասցված վնասը։ Նյութերը փոխանցելու են նաև Հայաստանի իրավապահ մարմիններին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում