ՄԽ համանախագահող պետությունները մեղադրում են Ադրբեջանին եռակողմ հայտարարությունը խախտելու համար

ԱԱրթուր Խաչատրյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը գոհունակությամբ է արձանագրում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն ադրբեջանական զորքերի շարժի հետևանք է:

Ավելի վաղ գերատեսչությունը, արձագանքելով Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացմանը Արցախում, հորդորել էր միջազգային հանրությանը՝ հստակ գնահատական տալ Բաքվի գործողություններին, ինչին հետևել էին հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հայտարարությունները:

Ռուսական խաղաղապահ առաքելությունն իր ամենօրյա հայտարարագրում նշել էր, որ մարտի 24-ի լույս 25-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, մտել են ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի և դիտակետ տեղակայել։

ՌԴ Պաշտպանության նախարարություն - Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակի կարգավորման և զորքերի՝ ելման դիրքեր վերադառնալու համար։ Ադրբեջանական կողմին ուղարկվել է զորքերի հետքաշման կոչ:

Այս հայտարարությունը ադրբեջանական կողմի դժգոհության առիթ էր դարձել: Բաքվում գնահատականը միակողմանի էին համարել և հայտարարել, թե դրանք «իրականությանը չեն համապատասխանում»: Մինչդեռ ոչ միայն Մոսկվայի, այլ նաև Վաշինգտոնի և Փարիզի մոտեցումներն են միանշանակ՝ Ադրբեջանն անպատասխանատու սադրիչ գործողությունների է դիմում:

ԱՄՆ պետքարտուղարություն - Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժերով։ Զորաշարժերը և էսկալացիայի տանող այլ միջոցառումներն անպատասխանատու են և անհարկի սադրիչ:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն - Ֆրանսիան կոչ է անում, որ ուժերը, որոնք առաջ են եկել, վերադառնան իրենց ելման դիրքեր՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության համաձայն:

Ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում Մինսկի խմբում համանախագահող երկրները տարբեր բևեռներում են: Եվ փաստը, որ չնայած այլ հարցերում լուրջ հակասություններին՝ Մոսկվան, Վաշինգտոնը և Փարիզը միակարծիք են ԼՂ խնդրի պարագայում, կարևոր հանգամանք է՝ նշում է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Ալեքսանդր Մարկարով (քաղաքագետ) - Երկարատև դադարից հետո հստակ նշված է եղել այն կողմը, որը հասցեատեր է եղել հայտարարությունների: Նշված է, որ հենց Ադրբեջանն է խախտել: 

Սա առաջին դեպքը չէ, երբ Մինսկի խմբի համանախագահող երկրները որևէ հարցի շուրջ միանման դիրքորոշում ունեն: Նույն մոտեցումն է առկա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված մնալու փաստի վերաբերյալ: Ներկայիս սրումը նաև Ադրբեջանի կողմից հարված է ՌԴ խաղաղապահ առաքելությանը, որն ունի կոնկրետ նպատակ, ընդգծում է Մարկարովը:

Ալեքսանդր Մարկարով - Գուցե նրանք սպասում են, որ երեք տարի հետո խաղաղապահները տեղում կարող են չլինել, դրա շարունակությունը լինելու է նոր պատերազմը. դրան պատրաստվում է:

Մասնագետը վստահ է, որ դեպքերի նման զարգացման պարագայում Ադրբեջանին պետք է դիմակայի ոչ միայն Հայաստանը, այլ նաև Մինսկի խումբը, ինչպես նաև առանձին երկրներ, որոնք ներգրավված են կարգավորման գործընթացում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում