Անկարան հակառուսական քարոզչությունը վստահել է իշխանությանը մոտ կանգնած շրջանակներին

ԱԱրթուր Խաչատրյան

Պաշտոնական Անկարան շարունակում է միջնորդ հանդիսանալու փորձեր կատարել Մոսկվայի և Կիևի միջև: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել է, որ մարտի 11-13-ը նախատեսված Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ռուսաստանի և Ուկրաինայի գլխավոր դիվանագետները կարող են հանդիպել:

Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Թուրքիայի առաջնորդի նախաձեռնությամբ Անթալիայի դիվանագիտական ֆորումին նախատեսվում է Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների շփումն ապահովել Թուրքիայի ԱԳ նախարարի միջնորդությամբ:

Զախարովան մանրամասնել է, որ այդ հանդիպման վերաբերյալ պայմանավորվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները՝ հեռախոսազրույցի ընթացքում:

Հատկանշական է, որ Թուրքիան Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր պաշտոնապես ձգտում է չեզոք դիրք զբաղեցնել: Թուրքիան բացահայտ չի աջակցում որևէ կողմին՝ միաժամանակ հայտարարելով, որ պետք է պահպանվի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Թուրքագետ Անահիտ Վեզիրյանը նկատում է՝ Անկարան վարում է իրեն բնորոշ քաղաքականություն:

Անահիտ Վեզիրյան (թուրքագետ) - Թուրքիան վարում է այնպիսի քաղաքականություն, որը վարել է միշտ. լինել երկու կողմում էլ, բայց միևնույն ժամանակ ցույց տալ որ չեզոք է:

Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Թուրքիայից ինքնաթիռներ են ուղևորվում դեպի Ուկրաինա: Անկարան հայտարարում է, որ Կիևին հումանիտար օգնություն է ցուցաբերում: Միաժամանակ, Ուկրաինայի պաշտպանության նախարարը փետրվարի սկզբին տեղեկացրել էր, որ երկիրը ստացել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի հերթական խմբաքանակը: Դրա հետ մեկտեղ Անկարան ձգտում է շոշափելի հակասություններ չունենալ Մոսկվայի հետ՝ վստահելով հակառուսական քարոզչությունը իշխանությանը մոտ կանգնած շրջանակներին:

Անահիտ Վեզիրյան - Երբ նայում ենք թուրքական մամուլին, հակառակ պատկերն է: Եթե չասենք՝ աջակցող, ապա բավականին հակառուսական քարոզ է գնում:

Ուկրաինային աջակցություն են հայտնել Էրդողանի կինը, «Բայրաքթար» ընկերության համասեփականատեր Սելչուք Բայրաքթարը, որը Թուրքիայի նախագահի փեսան է:
Անկարան նաև կիրառել է Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները և փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռազմական նավերի համար:

Անահիտ Վեզիրյան - Բայց այստեղ կա մի բայց: Այն նավերը, որոնք պատկանում են Սևծովյան տարածաշրջանի երկրներին, և նրանց բազան գտնվում է Սև ծովում, իրավունք ունեն վերադառնալու Սև ծով:

Փաստացի, Թուրքիայի այս որոշումը գործնականում ռազմական գործողությունների վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Հատկանշական է, որ նեղուցները փակելու որոշում Թուրքիան առաջին անգամ է կայացրել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում