Ճապոնիայի դեսպանատունը կաջակցի Վայոց ձորում 3 զարգացման կենտրոնի վերանորոգմանը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Ճապոնիայի դեսպանատան և Մանկական զարգացման հիմնադրամի միջև հուշագիր ստորագրվեց:
Հուշագրով՝ Ճապոնիայի դեսպանությունը կաջակցի Վայոց ձորի մարզում երեխաների զարգացման 3 կենտրոների վերանորոգմանը՝ բարելավելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակը:
Լուսինե Սիմոնյան («Մանկական զարգացման հիմնադրամի» տնօրեն) - այս ծրագրի շրջանակներում Արենիում, Ջերմուկում և Վայքում մենք արդեն ունենք գործող կենտրոններ, այնտեղ կբարելավեն հարդարումը, կլինեն խաղահրապարակներ, կհամալրվեն կենտրոնները: Այս պահին այնտեղ աշխատում են 30-ից ավելի մասնագետներ, սպասարկում 300-ից ավել երեխայի:
Հայերենով Ճապոնիայի դեսպանը նշեց՝ հաճույք է մասնակցել մի ծրագրի, որը կնպաստի երեխաների զարգացմանն ու սոցիալական հարմավողականությանը:
Մասանորի Ֆուկուշիմա (ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան) - հավատում ենք , որ երեխաների պաշտպանությունը և սոցիալական բարեկամությունը ցանկացած երկրի կարևորագույն հիմքերից է, որը հաջողության և ապագայի բանալին է:
Սկսած 2019-ից՝ բոլոր մարզերի շուրջ 20-ից ավելի համայնքներում պետական դրամաշնորհով գործում են զարգացման կենտրոններ՝ նպաստելու երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ու զարգացման իրացմանը:
Տաթևիկ Ստեփանյան (ՀՀ ԱՍՀ փոխնախարար) - 2019-ից աննախադեպ մեծացրել ենք հենց ֆինանսավորվող նման միջոցառումները, որտեղ պատվիրակման միջոցով դրամաշնորհների տրամադրման սկզբունքով տարբեր հավաստագրված կազմակերպությունների տրամադրում ենք պետական դրամաշնորհներ, որոնք կոչված են երեխայի համահունչ զարգացման և ընտանիքում ապրելու իրավունքի մի շարք միջոցառումներ կյանքի կոչել:
Զարգացման կենտրոնների վերանորոգման աշխատանքների միջոցով կբարելավվի այնտեղ մատուցվող աշխատանքների որակը, շատ կարևոր է, թե ծառայությունները որտեղ են մատուցվում, ինչ նյութերով, ինչ մասնագետների կողմից:
Մասանորի Ֆուկուշիմա - Հայաստանը Ճապոնիայի համար շատ կարևոր գործընկեր է, դրա համար էլ մենք ամեն տարի աջակցում ենք շուրջ 10-ը ծրագրի իրականացմանը, որոնք նպաստում են հայ ժողովրդի կյանքի որակի բարձրացմանը: Ճապոնիայի կառավարությունը շատ կարևոր է համարում համագործակցությունը հատկապես սոցիալական ոլորտում: Մենք հաճախ վերանորոգում ենք դպրոցներ, մանկապարտեզներ, կառուցում ենք խաղահրապարակներ: Դա բարեկամության նշան է:
Կողմերը հույս են հայտնում, որ այսօրվա ներդրումը կազդի վաղը ինքնաբավ անհատի, ընտանիքների, զարգացման ճիշտ ուղղություններ ընտրած երեխայի և առողջ հասրակության ձևավորմանը, ինչն էլ, իր հերթին՝ ամուր պետության ու լավ քաղաքացու ձևավորմանը:












