ՀՀ-Սաուդյան Արաբիա հարաբերությունները կարգավորման ճանապարհին են

ԱԱրթուր Խաչատրյան

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի երկկողմ օրակարգում, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, որոշակի աշխուժություն է նկատվում: Պատմության մեջ առաջին անգամ հանդիպել են երկու երկրի արտաքին գերատեսչությունների ղեկավարները: Գերմանիայում Մյունխենի 58-րդ անվտանգության համաժողովի ընթացքում Արարատ Միրզոյանը և Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդին մտքեր են փոխանակել Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների և համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ:

Նախարարության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. «Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարներն ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման, ներդրումային ծրագրերի իրականացման և գործարար շրջանակների միջև շփումների հաստատման կարևորությունը»:

Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ առկա է համապատասխան ներուժ՝ զարգացնելու համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում։

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի հարաբերություններում որոշակի տեղաշարժ է նկատվել դեռ 2018 թվականին, երբ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալմանը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը շնորհավորել էին Հայաստանին Անկախության օրվա առթիվ:

Հարաբերությունների կարգավորման հաջորդ քայլը, ըստ մասնագետների, դարձավ 2021 թվականի հոկտեմբերին նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Սաուդյան Արաբիա: Պաշտոնական արարողակարգի համաձայն՝ Էր-Ռիադի օդանավակայանում բարձրացվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:
Արտգործնախարարների հանդիպումը փաստացի վկայում է, որ պետությունները ձգտում են մոտ ապագայում դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ նկատում է արևելագետ Արմեն Պետրոսյանը:

Արմեն Պետրոսյան, արևելագետ - Հատկապես հայկական կողմից բավարար նախաձեռնողականության ցուցաբերման դեպքում չի բացառվում, որ կարողանանք հասնել դիվանագիտական հարաբերությունների հաստատման: 

Սաուդյան Արաբիան համարվում է արաբական աշխարհի առաջատար պետություններից մեկը: Էր-Ռիադի ազդեցությունը մեծ է նաև այլ երկրների վրա: Միաժամանակ ակնառու է մրցակցությունը Սաուդյան Արաբիայի և, օրինակ, Թուրքիայի միջև՝ նշում է Պետրոսյանը և հավելում՝ այժմ թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ Մերձավոր Արևելքում փոխվել է խնդիրների լուծման փիլիսոփայությունը: Պետությունները փորձում են երկխոսություն ծավալել և կարգավորել հարաբերություններն այն պետությունների հետ, որոնց հետ կապերը տարիներ շարունակ սառեցված են եղել:

Հարևանների հետ մերձեցման և հարաբերությունների կարգավորման քաղաքականություն է որդեգրել նաև Թուրքիան, ինչը նույնպես ազդում է Սաուդյան Արաբիայի դիրքորոշման վրա՝ նկատում է Պետրոսյանը:

Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ այլ մակարդակներում Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև կան կապեր: Վերջին տարիներին նկատելի է համագործակցությունը, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում