Արցախի նախագահի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու Ադրբեջանի փորձերը անհիմն են

ԱԱրթուր Խաչատրյան

Բաքուն խոստանում է «սեղմ ժամկետներում» ձերբակալել Արցախի Հանրապետության նախագահին: Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը հայտարարել է, թե Արայիկ Հարությունյանն արագ կձերբակալվի հատուկ ծառայությունների և հետախուզական գործակալությունների կողմից և պատասխանատվության կենթարկվի:

Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ Բաքուն Հարությունյանին մեղադրում է այսպես կոչված «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» գործով:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներին, տեղեկություն էին հրապարակել Հարությունյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Անդրադառնալով այդ փաստին՝ Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ միջոցներ են ձեռնարկվում միջազգային հետախուզման փորձերը կանխելու, հետախուզում հայտարարելու մասին հարցումներ ստանալու դեպքում Ինտերպոլի կողմից դրանց ընթացք չտալու ուղղությամբ:

Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու Ադրբեջանի փորձերը անհիմն են՝ հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Կարեն Անդրեասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Ցանկացած ողջամիտ մարդ, ես նույնիսկ չեմ ասի՝ հայաստանցի, հասկանում է, որ այդ քրեական գործը որևէ իրավական հիմք չի կարող ունենալ: Եվ այն ինքնապաշտպանությունը, որն իրագործել է մեր ժողովուրդը, հետապնդում անել ինքնապաշտպանության համար՝ անտրամաբանական է:

Պատերազմից հետո, ինչպես հաղորդվել է, Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ մեկնել է արտերկիր, մասնավորապես՝ Ռուսաստան: Այս թեման կրկին հանրային դաշտ բերելով՝ Բաքվում փորձում են հերթական անգամ ճնշում գործադրել Արցախի իշխանության և ժողովրդի նկատմամբ՝ նշում է Ադրբեջանի հարցերի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

Տարոն Հովհաննիսյան (Ադրբեջանի հարցերի փորձագետ) - Իրենք անընդհատ փորձում են ժխտել, որ առհասարակ կա Արցախի հայերի խնդիր, Արցախի խնդիր, նրանց իրավունքների խնդիր: Ու փորձում են այնպես անել, որ բնակչությունն արտագաղթի: Եվ լավագույն միջոցը Արցախի նախագահն է: Իրենք շատ պարզ հասկանում են, որ հետպատերազմյան ժամանակում շատ բարդ կլինի Արցախի նախագահի ընտրություն անցկացնելը:

Ադրբեջանում զուգահեռ ձգտում են ձերբազատվել ագրեսորի համբավից՝ ներկայացնելով, թե, իբր, Հայաստանն է թիրախավորել խաղաղ բնակչությանը՝ նշում է Հովհաննիսյանը: Մինչդեռ պատերազմը փաստացի սկսվեց բնակավայրերին, այդ թվում նաև Ստեփանակերտին հասցված հարվածներից:

Տարոն Հովհաննիսյան - Շատ պարզ է բոլորի համար, որ ամբողջ պատերազմի ընթացքում Ադրբեջանն է թիրախավորված հարվածել Արցախի խաղաղ բնակավայրերին: Բացի այդ հարվածներից՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն այն բնակավայրերը, որոնք գրավել են, և որտեղ եղել են խաղաղ բնակիչներ, նրանց նկատմամբ պատերազմական հանցագործություններ են իրականացրել՝ առանց տարբերակելու:

Ըստ վերջին տվյալների՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի Զինված ուժերի գործողությունների հետևանքով զոհվել է 76 քաղաքացիական անձ: Եվս 21 քաղաքացիական անձ անհետ կորած է համարվում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում