Քաղաքապետարանը արգելապատնեշներ է տեղադրում վտանգավոր հատվածներում

ՄՄուշեղ Իսախանյան

Փողոցն անցնում են գետնանցումով, վերնանցումով կամ հետիոտնի համար նախատեսված գծանշումների վրայով. սա իհարկե մի մայթից մյուսը հասնելու քաղաքակիրթ տարբերակն է: Հայաստանում, սակայն, ոչ բոլորն են սիրում ենթարկվել կանոններին և դա անում են՝ սեփական կյանքը վտանգելով: Արատավոր երևույթի դեմ պայքարելու համար քաղաքապետարանը որոշել է նախ՝ պիլոտային, ապա՝ հիմնական ծրագրով արգելապատնեշներ տեղադրել խնդրահարույց հատվածներում:

Գրիգոր Հարությունյան (Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ) - Բանուկ մասերում, այն խաչմերուկներում հատկապես կան տեղեր, որ խաչմերուկ չի, բայց նույնպես տեղադրվելու է, որտեղ աջակողմյան երթևեկությունը միշտ բաց է, այդ մասերում բավականին գանգատներ էինք ունենում: Եվ տեղադրում ենք այնպիսի փողոցներում, որտեղ որ վերգետնյա և ստորգետնյա հատկապես անցումներ կա, և բնակիչները պետք է անպայման օգտվեն, կամ վերգետնյա եթե կառուցվել ա անցումը, պետք է դա իր նպատակին ծառայեցնել:

Վարորդների գանգատները նվազել են, փոխարենը՝ քաղաքացիներն են սկսել բողոքել, չեն ցանկանում ճիշտ ուղիով փողոցը հատել՝ հստակեցնում է Գրիգոր Հարությունյանը: Քաղաքապետարանը մտադիր էր նախորդ տարի արգելապատնեշների շինարարությունն անել, բայց համավարակի ու պատերազմի պատճառով մրցույթում այդպես էլ հաղթող չեղավ: Այս տարի ընկերություններից մեկը շահեց մրցույթը. քաղաքապետարանը աշխատանքի համար 30 մլն դրամ կտրամադրի:

Գրիգոր Հարությունյան  - 1200 գծամետր ունենք մեր հայտարարած մրցույթում՝ թվով 600 հատ 2 մետրանոց: Կան շրջանաձև խաչմերուկներ, որտեղ որ արդեն 1 մետրանոց ենք դնում, որ այդ կլոր շրջանը կարողանանք գեղեցիկ ստանալ:

Պիլոտային ծրագրով արգելապատնեշներ են տեղադրվել կամ տեղադրվելու Աբովյան - Մոսկովյան, Արշակունյաց - Գարեգին Նժդեհի, Օրբելի - Կիևյան խաչմերուկներում, Հալաբյան փողոցում, «Բարեկամություն» մետրոյի տարածքում: Ծրագիրը քաղաքապետարանը հաջորդ տարի էլ կշարունակի: Բայց արդյունքը դեռ չտեսած՝ շինարարության ու բարեկարգման վարչությունը վնասներն է հաշվում: Հարությունյանի խոսքով՝ քաղաքացիները հասցրել են արդեն ծռել, կոտրել կամ պոկել արգելապատնեշները: Հորդորում են խնամքով վերաբերվել ու չվնասել: Եվ չնայած մի քանի խաչմերուկներում արդեն աշխատանքներն ավարտված են, մարդիկ օրենքն ու արգելապատնեշը շրջանցելու ձևեր գտնում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում