Կոմիտասի պանթեոնում տարածված խնկաբույրը դարձյալ հիշեցնում է՝ սեպտեմբերի 8-ն է, ազգային երաժշտական մշակույթի հսկայի՝ մաեստրո Օհան Դուրյանի տարեդարձը: Տիկին Ալիս Դուրյանը աշխարհի տարբեր ծայրերից շնորհավորանքներ է ընդունում դեռ երեկվանից:
Մաեստրո Դուրյանի վախճանից անգամ 10-ը տարի անց նրա բարեկամները, երաժիշտներն ու պարզապես երկրպագուները փաստում են՝ հանրային գիտակցության մեջ նրա պակասն այդպես էլ չլրացվեց ու փոքրամարմին հսկայի արտիստիկ ներկայությունն այսօր էլ մեզ շատ է պակասում:
Մաեստրոյի համերգային առաջին իսկ շրջագայությունները Եվրոպայում վերածվեցին իսկական հաղթարշավի և մեծ դիրիժորի շռնդալից հաջողությունները նրան դարձրին երաժշտական հայտնի մայրաքաղաքների՝ Վիեննայի, Լայպցիգի, Ավինյոնի, Մարսելի նախընտրած երաժիշտը: Նրա ձեռքերի վիրտուոզ հրամաններին սպասում էին լավագույն երաժշտական թատրոննեը:
Արդեն 50-ականների սկզբին համաեվրոպական հռչակ վայելող դիրժորն ընդունեց Վազգեն վեհափառի հրավերն ու ամեն ինչ նորից սկսեց հայրենիքում՝ ղեկավարելով Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը, պետական, հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբերը, իսկ հետո նաև երևանյան օպերայի գլխավոր դիրիժորն էր: Այդ բոլոր տարիներին աշխատում էր մեծ խանդավառությամբ՝ կողքին ունենալով տիկին Ալիսի ոգեշունչ ներկայությունը:
Դուրյան ընտանիքի երկարամյա բարեկամ, նրա արվեստի նվիրյալ Վահան Վարդապետյանը Մաեստրոյի այս տարեդարձը մեկնարկային օր է համարում. 2022-ին կլրանա Օհան Դուրյանի 100-ամյակը, և արդեն հիմա Վարդապետյանը հոբելյանական և հիշատակի միջոցառումների մի մեծ ծրագիր է մշակել:
Հոբելյանական տարվան ընդառաջ բարեկամները փաստում են՝ մեր երկիրն ու ժողովուրդը մեծ պարտք ունի աշխարհահռչակ դիրիժորի հիշատակի հանդեպ, և գոնե 2022-ին Երևանում պետք է ունենանք ազգային հպարտության և համազգային սիրո նոր հասցե՝ Օհան Դուրյան փողոցը:













