ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը գոհ չէ ԵԽ Նախարարների կոմիտեի գերիների հարցով աշխատանքից

ԱԱրման Գալոյան

Բաքվում հայ գերիների նկատմամբ իրականացվող դատավարությունը շինծու է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այս գործընթացը սկզբից մինչև վերջ ապօրինի է համարում:

Եղիշե Կիրակոսյան (ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ) - Ակնհայտորեն զուրկ է որևէ իրավական հիմքից կամ բովանդակությունից: Ավելի շատ ենթադրում է քաղաքական գծին օժանդակելուն ուղղված քայլեր:

Բաքվի դատարանը հայ գերիներին անհիմն մեղադրում է սպանության, դիվերսիաների և այլ հանցագործությունների համար: ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը բացահայտել է, ինչպես ինքն է նշում՝ պրիմիտիվ բեմականացման օրինաչափությունները:

Սիրանուշ Սահակյան (ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ) - Օրինակ՝ եթե գերևարվածը ավելի ավագ տարիքային խմբի է, ուրեմն նրանց տրամաբանության մեջ կարող է առաջին պատերազմի մասնակից լինել, ուրեմն լավ սուբյեկտ է կեղծ պատմություններ ստեղծելու և միջազգային հանրությանը ներկայացնելու համար: Նպատակը Հայաստանի հեղինակությունը գցելն է, ինչու ոչ՝ պաշտպանվելը:

Այս բոլոր խնդիրները հայկական կողմի նախաձեռնությամբ և ջանքերով հայտնվել են ՄԻԵԴ-ում: Միջազգային այս ատյանի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումների մեծ մասը Բաքուն պարզապես անտեսել է՝ հիշեցնում է Եղիշե Կիրակոսյանը ու դժգոհում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի գործելաոճից, որի լիազորությունների շրջանակում է այդ որոշումների կատարման ընթացքի վերահսկումը:

Եղիշե Կիրակոսյան - Ծանուցումը, իհարկե, տեղի ունեցավ, սակայն թե ի՛նչ տեղի ունեցավ հետո Նախարարների կոմիտեում, մեղմ ասած, գոհացուցիչ չէր, որովհետև բուն հարցի վերաբերյալ քննարկում կամ արդյունք, ցավոք, չտեսանք ինչ-ինչ պատճառներով, միգուցե քաղաքական պատճառներով:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ թվային տվյալներին, իրավապաշտպանները վստահ են՝ պաշտոնական Բաքուն ամեն կերպ թաքցնում է իրական տվյալները:

Եղիշե Կիրակոսյան - Եթե հանում ենք վերջին 15 հոգուն, որ վերադարձվել են արդեն, այս պահին փաստացի հաստատված ունենք 45 հոգի, բայց մեր ապացույցներով եթե նայենք, ունենք դեպքեր, որոնց վերաբերյալ, որ անձինք այնտեղ պետք է լինեն, բավական բարձր է:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս գերիների թվի հրապարակման անհրաժեշտություն է տեսնում: Նա բացի Բաքվից, նաև հայկական կողմից է պահանջում թվային տվյալների հստակեցում:

Արման Թաթոյան (ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան) - Այդկերպ մենք կմեծացնենք կյանքի իրավունքի նկատմամբ պատասխանատվությունը, երկրորդը՝ այդկերպ պատասխանատվությունը կմնա նրանց վրա:

Ադրբեջանից մինչև օրս վերադարձվել է 89 գերի, որոնցից մեկը լիբանանահայ Մարալ Նաջարյանն է: ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչները հրատապ միջոց կիրառելու դիմում են ներկայացրել ավելի քան 121 անձի վերաբերյալ:

Հեղինակ՝ Նորայր  Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում