Ահազանգեր Արմավիրի ընտրատեղամասերից

ՀՀայկուշ Ասլանյան

Լռության օրը լուր տարածվեց, որ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում քաղաքական ուժերից մեկի քվեաթերթիկների վրա տպագրական հետք կա, ինչը նշանակում է, որ դրանք կարող են անվավեր ճանաչվել: Հանձնաժողովականներն ահազանգել են տարածքայինի նախագահին, այստեղից էլ ցուցում են տվել՝ առանձնացնեն, որ հետո ոչնչացնեն:

Անդրանիկ Բայրամյան (14/29- ՏԸՀ նախագահ) - Ունեցել ենք մի 20-30 հատ, առանձնացրել ենք, որ ոչնչացնենք: 

35 հազար քվեաթերթիկ հատ-հատ ստուգել են: Տպագրական հետքեր բացահայտել են մի քանի քաղաքական ուժերի քվեաթերթիկների վրա:

Անդրանիկ Բայրամյան - Մի 5-6 քաղաքական ուժի քվեաթերթիկ է եղել, իսկ այն ուժը, որի համար ասում են, նրանցը չի եղել:

Կեսօրից հետո էլ լուր տարածվեց, որ Լուսագյուղ համայնքում ընտրողներին գումար են բաժանում: Նույնիսկ գումարի չափն էին նշել: Լուսագյուղցիներին զարմացրել է՝ ինչպե՞ս են սուտ լուրեր տարածում:

Գյուլի Գրիգորյան (Լուսագյուղ համայնքի բնակիչ) - Սուտ է, ես ինքս կահազանգեի, եթե նման բան լիներ:

Միշա Վարդանյան (Լուսագյուղ համայնքի բնակիչ) - Եթե բաժանեն էլ, չեմ վերցնի, գյուղացի եմ, միջին ապրող, բայց չեմ վերցնի:

Համայնքի ղեկավար Սարիբեկ Կարապետյանը, որի անվան հետ է կապվում հանցավոր արարքը, ահազանգողին առաջարկեց դիմել իրավապահ մարմիններին:

Սարիբեկ Կարապետյան (Լուսագյուղ համայնքի ղեկավար) - Ով ունի այդ ինֆոն, թող դիմի դատախազություն և ամբողջ գյուղի կենտրոնում թող կանգնի-ասի՝ ով է բաժանում, միջոցառումներ ձեռնարկենք:

Համայնքի միակ՝ 14/36 ընտրական տեղամասում, որտեղ 750 ընտրողից ավելի քան 300-ն արդեն քվեարկել էր, ընդդիմադիր ուժերից մեկի վստահված անձը զարմացավ՝ լսելով ընտրակաշառքի մասին:

Արկադի Արշակյան («Հայաստան» դաշինքի վստահված անձ) - Չի եղել նման բան, սուտ է:

Եթե արձանագրություններ էլ կազմվել են, ապա տարեց կամ հաշմանդամություն ունեցող ընտրողներին այլ քաղաքացիների օգնությամբ քվեարկելու վերաբերյալ են: Մեկ այլ ահազանգ էլ ունեցանք Աջափնյակ համայնքից: Ահազանգողն ասել էր, որ արվեստի դպրոցում տեղակայված 6/50 տեղամասում հրաժարվում են ընտրողներին 3-րդ համարի քվեաթերթիկ տրամադրել: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վստահված անձը հերքեց լուրը:


Հասմիկ Կակոսյան («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ) - Սխալ տեղեկություն է:

Վիոլետա Գրիգորյան (6/50- ՏԸՀ նախագահ) - Նման բան չկա. 3-րդ համարի քվեաթերթիկները լրիվ ստացել ենք, տրամադրում ենք:

Քվեաթերթիկներն ամբողջությամբ տեղում են: Իսկ ընտրությունը, քովիդով պայմանավորված, կազմակերպել են այնպես, որ ներսում կուտակումներ չլինեն: 6/50 ընտրական տեղամասում մինչև այս պահը որևէ խախտում չի արձանագրվել, հույս ունեն՝ այդպես էլ կշարունակվի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում