Շատ համառ և հաստատակամ աշխատանք է տարվում գերիների վերադարձի ուղղությամբ. ՌԴ դեսպան

ԱԱրթուր Խաչատրյան

Ռուսաստանի Դաշնության ղեկավարության և խաղաղապահ առաքելության համար հայ գերիների վերադարձի հարցը առաջնահերթություն է. հերթական անգամ անդրադառնալով թեմային՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Սերգեյ Կոպիրկին (Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան) - Շատ համառ և հաստատակամ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ: Որոշակի տեղաշարժ կա: Գերիների խմբեր ոչ մեկ անգամ են վերադարձել: Աշխատանքները շարունակվում են:

Ռուսաստանցի խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը նախօրեին Բաքվից ուղևորվել էր Երևան: Գերիների հարազատները հավաքվել էին օդանավակայանում՝ հույս ունենալով, որ գեներալ-լեյտենանտն իր հետ Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների հերթական խումբը կբերի, սակայն ինքնաթիռը դատարկ էր: Կոպիրկինն այսօր պատասխանել է հարցին, թե շարունակելո՞ւ է արդյոք Մուրադովն աշխատանքներն այդ ուղղությամբ:

Սերգեյ Կոպիրկին - Վստահ եմ, որ այո:

Պատերազմի ավարտից հետո Հայաստան է վերադարձվել Ադրբեջանում պահվող 69 քաղաքացի, մեկն էլ տեղափոխվել է Լիբանան: Չնայած հայկական և ռուսական կողմերը տեղեկացնում են, որ բանակցությունները գերիների և պատանդ պահվող անձանց վերադարձի վերաբերյալ ընթանում են, Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է՝ իրենց երկրում գերիներ չկան, իսկ պահվող անձանց որակում է ահաբեկիչ: Կոպիրկինն այսօր չցանկացավ մեկնաբանել Բաքվից հնչող հայտարարությունները:

Սերգեյ Կոպիրկին - Դժվարանում եմ մեկնաբանել ադրբեջանական կողմի հայտարարությունները: Ինչքան ես եմ տեղեկացված՝ աշխատանքները շարունակվում են:

Դեսպանը նաև տեղեկացրեց՝ Հայաստանին կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով ապահովելու հարցն այժմ քննարկվում է պատասխանատու կառույցների մակարդակով: Մոսկովյան այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը մեկ միլիոնից ավելի չափաբաժնի կարիք ունի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում