Հայկական և ֆրանսիական ժամանակակից լուսանկարչության ցուցահանդես՝ Գեղագիտության ազգային կենտրոնում

ՆՆունե Ալեքսանյան

«Ապրողները. Խաչվող հայացքներ» խորագրով Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերի ծրագրում ներկայացվում է 5 երիտասարդ լուսանկարիչների ցուցահանդեսը, որն անձնական և հավաքական պատմությունների մի ամբողջություն է ֆրանսիացի և հայ լուսանկարիչների հայացքով:

Հինգ ֆոտոշարքն ընդգծում է ժամանակակից աշխարհի բազմակի ինքությունն ու առանձնահատկությունները՝ կրկին վերահաստատելով լուսանկարչական օբյեկտիվի ոչ միայն արձանագրումների, այլև բացահայտումների մեծ ներուժը: Ալեքսի Պազումյանի՝ Արցախին նվիրված «Սև պարտեզ» շարքը մեկնարկել է 2016-ին և շարունակվում է առ այսօր, 44-օրյա պատերազմի ժամանակ վերածվել է նաև ֆիլմի, իսկ առաջիկայում կհրատարակվի նաև պատկերագիրքը:

Ալեքսի Պազումյան, լուսանկարիչ, ռեժիսոր, Ֆրանսիա - Փորձել եմ հասկանալ այն մարդկանց, որոնք ապրում են պատերազմի եզրին, մշտական վտանգի մեջ: Բացահայտեցի, որ ղարաբաղցիները խորապես կապված են իրենց հողին և նախնիների շիրիմներին: Շատ նմանություններ կան 90-ականների, 2016-ի և 2020-ի պատերազմների միջև: Ես հասկացա, որ ղարաբաղցիները դիմադրող տեսակ են և միշտ վերադառնալու են իրենց հայրենի հող, որովհետև այլ կերպ չի կարող լինել:

Կարեն Խաչատուրովի «Նվիրվում է տատիկին» նախագիծը հեղինակի անձանական պատմությունների շարքից է, երբ ընտանեկան կորստի պատմությամբ լուսանկարիչը հավերժական թեմաների իր խիստ անձնական մեկնաբանությունն է տալիս:

Շառլ Թիեֆենը հայ արվեստասերների գնահատմանն է ներկայացել իր «Թահիր-Անհնազանդություն» շարքով, որն Իրաքի մայրաքաղում անհնազանդության հայտնի ցույցերի արձանագրումն է, երբ զոհվեց 600-ից ավելի մարդ և վիրավորվեց 20 հազարը:

Շառլ Թիեֆեն, լուսանկարիչ, լրագրող, Ֆրանսիա - Հազարավոր ցուցարարներ ամեն օր պայքարում էին սննդի, ջրի և արժանապատիվ աշխատանքի իրենց իրավունքի համար: Ես որոշեցի նկարել ամենաթեժ կետերում, որտեղ ամենաշատն էր բռնությունը: Այդտեղ կարելի էր տեսնել վախ, հուզմունք, ուրախություն, սեր, տխրություն: Յուրաքանչյուրը յուրովի է պաշտպանվում վտանգից:

Բարեբախտաբար, բոլոր շարքերի հեղինակներն այսօր Երևանում են և անձամբ են ներկայացնում իրենց գործերը: Տարեվերջին ցուցահանդեսը կներկայացվի նաև Ֆրանսիայում՝ նաև հայ հեղինակների մասնակցությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում