Հնի ու նորի համադրությամբ՝ քայլ առաջ. Առաջին ալիքը բարձրություն է հավաքում

ՎՎահե Դավթյան

Գարնանային նոր եթերաշրջանը Հանրայինը սկսում է նոր նախագծերով ու 65-րդ հոբելյանի առիթով վերադարձնում նաև հին ու սիրելի հաղորդումները:

Գարնանային ներկապնակով՝ Հանրայինի նոր թռիչքը՝ հեռուստաաշտարակից ավելի բարձր:

Հին օրերի սպասված վերադարձը: Երկարատև դադարից հետո գարնանային եթերաշրջանում Հանրայինի եթերում նորից Երրորդ ալիքն է: Վերջին թողարկումը 1999-ի օգոստոսի 30-ին էր:

Արտավազդ Եղոյան (հաղորդավար) - Կատակները մեզ հետ քայլում են հեռուստատեսություններում և էլի շատ տեղերում: 

Կարեն Քոչարյան - Ինձ համար շատ հարազատ վայր է այստեղ:

Զույգն անբաժան է՝ բոլորին հայտնի Արտավազդ Եղոյանն ու Կարեն Քոչարյանը Առաջին ալիքի եթեր են վերադարձել՝ խորհրդանշական դարձնելու Հանրայինի 65-ամյա հոբելյանը:

Արտավազդ Եղոյան - Շատ շնորհակալություն ղեկավարությանը, նրանք էլ շատ ուրախ, ժպտալով, շատ մեծ սիրով մեզ ընդունեցին: Մի խոսքով՝ մենք մեր տանն ենք:

Կարեն Քոչարյան - Շնորհակալություն ղեկավարությանը հրավերի համար, որ հրավիրեց Հանրային հեռուստատեսություն, մեր տուն:

Հանրայինի նոր քաղաքականության հիմքում նաև հեռուստատեսության հարուստ ժառանգության վերարժևորումն է, անցյալն ու ներկան համադրելով՝ քայլ դեպի ապագա:

Հովհաննես Մովսիսյան (Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Շատ կարևոր է, որ մենք գնահատենք մեր ավագ գործընկերներին, նրանց փորձը և նրանց փորձի շնորհիվ նաև բերենք եթեր այն մարդկանց, ովքեր սիրում են այդ հաղորդումները, որոնք մենք չունեինք:

Գարնանային եթերաշրջանում, և ոչ միայն, Հանրայինում կլինեն հաղորդումներ բոլորի համար: Բովանդակության ու պատկերների մի ամբողջ փաթեթ կմատուցվի արտադրական նոր լուծումներով: Սահմանված նշաձողը կհաղթահարեն թիմային ճիշտ աշխատանքի շնորհիվ:

Եթերում նոր ծրագրերն արդեն մեծ դիտողականություն ունեն: Արագ փոփոխվող աշխարհում կեղծիքն ու ապատեղեկատվությունը, կիբեռհարձակումները դառնում են անխուսափելի: Հանրայինի թիմը կօգնի նաև օնլայն հարթակում լինել պաշտպանված, տարբերել թացը չորից: «Մեդիագրագիտություն» հաղորդման շնորհիվ Սամվել Մարտիրոսյանը կարճ հոլովակներով կհուշի հոսքերի գրագետ կառավարման ու քարոզչական նյութերի տարանջատման մասին:

Սամվել Մարտիրոսյան (մեդիափորձագետ) - Փորձում ենք ոչ միայն ընդհանուր բաներից խոսել, թե ինչի վրա ուշադրություն դարձնել լրատվության մեջ, այլև վտանգների մասին. ամեն պահի ապատեղեկատվություն է մտնում:

«Անկեղծության ժամ»՝ նայելով փոքրերի աչքերին:

Տարբեր բնագավառներից հայտնի դեմքերը Հանրայինի տաղավարում անկեղծանում են հանուն երեխաների: Հազար ու մի հարցի տաղավարում հնարավոր է նաև բացել օրվա հյուրերի գաղտնիքների տուփը:

Նոր տաղավարներ՝ տեխնիկական նոր լուծումներով: «Չտեսնված կինոն» փոխել է ձևաչափը; Հաղորդումը Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ ցուցադրում, քննարկում էր անկախության տարիների ֆիլմերը: Գարնանային եթերաշրջանը ավելի հեռուն է գնացել. կցուցադրվեն խորհրդային տարիների հայտնի, անհայտ ու նաև արգելված ֆիլմերը:

Այս եթերաշրջանից հատուկ անդրադարձ է լինելու ազգային արժեքներին: Արդեն էկրանին են անցումային կարճ հոլովակները՝ ազգային երաժշտությամբ, նոր մեդելավորմամբ, պատմամշակութային լուծումներով:

Հովհաննես Մովսիսյան - Ազգային արժեքները մեր եթերում ավելի շատ տեղ են ունենալու, և մենք առաջիկայում արդեն՝ նոր եթերաշրջանում, ունենալու ենք հեռուստահաղորդում, որը պատմելու է մեր ազգային նվագարանների, երգի, պարի խմբերի մասին, և մենք փորձելու ենք նաև այս միջոցով վերադարձնել և շատ տեղ հատկացնել հենց ազգայինին:

Հանրայինը լինի ամբողջ հանրության և Հայաստանի ալիք, և եթերում դա երևա: Փորձելու ենք նաև հաղորդումներում մեծ տեղ հատկացնել մարզերին և ցույց չտալ միայն Երևանը կամ Երևանում նկարահանվող հաղորդումներ:

Կրթական, մշակութային, քաղաքական հաղորդումների շարքում Առաջինի եթերում կլինի երաժշտական նոր նախագիծ:

«Մեր օրերի երգը» նախագծում կհնչեն երգեր, որոնք ստեղծվել են մեր օրերում, նաև երգեր՝ հին օրերից: Նախագիծը, ղեկավարների համոզմամբ, առանձնահատուկ տեղ է ունենալու Առաջինի երաժշտական հաղորդումների պատմության մեջ:

Տիգրան Վիրաբյան (Հայաստանի հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր) -  Աշխատանքային պրոցեսում ներգրավված են Հայաստանի լավագույն մասնագետները և՛ Հանրային հեռուստատեսությունից, և՛ մարդիկ, որոնք հրավիրվել են Հանրային: Այս ստեղծագործական խմբով, կարծում եմ, անակնկալ կմատուցենք հեռուստադիտողին:

Գարնանային բազմաժանր եթերաշրջանին զուգահեռ Հանրայինի թիմը նոր գաղափարներով պատրաստվում է աշնանը՝ 65-րդ եթերաշրջանին:

Ղեկավարությունը հիշեցնում է՝ Հանրայինը մեծ հեռուստաընտանիք դառնալու ճանապարհին է:

Հեղինակավոր BREAVIS ընկերության վերջին հարցումներով՝ Առաջին ալիքը ճանաչվել է ամենավստահելին ու ամենադիտվողը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում