Արցախում հարգել են Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը

ՆՆարեկ Սահակյան

Արցախում հարգել են Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը: Ականատեսները վկայում են՝ 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում պետական մակարդակով հայերին սպանում էին էթնիկ պատկանելիության համար: Գրիգորի Սահակյանը 12 տարեկան էր, երբ թողեցին քաղաքը:

Գրիգորի Սահակյան, ականատես - Տարբեր շրջաններից հավաքված, պատրաստված տարբեր գործիքներով խումբ-խումբ գալիս էին հայերի հայաբնակ թաղամասերը: Ասեմ ձեզ, որ ցուցակներ են ունեցել նրանք, և այդ ցուցակներն, ինչպես ասում են, սովորական մարդկանց մոտ կամ ավազակախմբերի մոտ չի լինում:

Ադրբեջանի երբեմնի հայաշատ քաղաքում տեղի ունեցած ոճրագործության 33-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել Արցախի խորհրդարանը: Խմբակցությունները վերահաստատել են՝ Սումգայիթյան եղեռնագործությունն Ադրբեջանի իշխանությունների պատասխանն էր 1988 թվականի փետրվարին արցախահայության սկսած պայքարին՝ հանուն ազատության և ինքնորոշման:

Սարասար Սարյան, Արցախի փախստականների միության նախագահ - Մարդիկ սպանվել են նրա համար, որ հայ են: Ուրիշ ազգություններից նրանք են զոհվել, ովքեր փորձել են պահպանել հայերին: Այդ կապն է, եթե ուրիշ ազգից մարդ է զոհվել, ուրեմն նա փորձել է թաքցնել հային, ինչի համար պատժվել է:

Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակը խնկարկել ու ոգեկոչել են նաև Արցախի շրջաններում: Ասկերանում ծաղիկներ են խոնարհել, նահատակների հոգեհանգստյան կարգ կատարել:

Մեսրոպ քահանա Խունոյան, Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ - Աստված լսի մեր ձայնը, մեր աղոթի ձայնը և մեր յուրաքանչյուր նահատակին ընդունի իր գրկում: Եվ նահատակների հարազատներին մխիթարություն պարգևի:

Ադրբեջանական եղեռնից փրկվածները հիշեցնում են՝ Սումգայիթի ոճրագործությունը միջազգային հանրության կողմից համապաստասխան գնահատականի չարժանացավ: Նաև դա է պատճառը, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակեցին խաղաղ բնակչության ջարդերը Բաքվում և Գանձակում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում