Հողին են հանձնել Արցախի հերոս Հակոբ Հարությունյանին

ՀՀայկուշ Ասլանյան

Հայրենիքին պատուհասած պատերազմն անտարբեր չթողեց նաև Ռուսաստանում բնակվող Հակոբ Հարությունյանին: Բարեկեցիկ կյանքով էր ապրում՝ ընտանիք, կին, երեխաներ, աշխատանք ուներ: Իսկ, մինչև Ռուսաստանում հաստատվելն ապրել է Մյասնիկյան գյուղում: Բարձր առաջադիմությամբ ավարտել է դպրոցը, հաջողություններ գրանցել նաև սպորտում. ազատ ոճի ըմբիշ էր:

Զինվորական գործն այնքան էր սիրում, որ Ռյազանում ռազմական կրթություն ստացավ: Պատերազմի մասին լսելուց անմիջապես հետո կամավոր մեկնեց Արցախ: Մարտական գործողություններն սկսեց Եղնիկներից՝ հասավ Շուշի: Կռվեց Քարինտակում:

Հակոբի անձնուրաց կռիվները չվրիպեցին հրամանատարի ուշադրությունից: Այդ մասին իր հիացմունքն արտահայտել է զինակիցներին, ասել է՝ ջոկատում արծիվ ունենք:

Քարինտակի դիրքերը 7 օր անառիկ են պահել: Հենց այնտեղ էլ ստացել է Սարի Հակոբ անունը: Թեժ մարտերից մեկի ժամանակ թշնամու գնդակը գտել է Հակոբին ու 4 մահացու վնասվածք հասցրել՝ երեքը կրծքավանդակին, մեկը՝ ոտքին: Հակոբի աճյունը 65 օր չեն կարողացել գտնել: Կարմիր խաչի, ԱԻՆ-ի և նրա մարտական ընկերների որոնումների արդյունքում աճյունը գտել և ուղարկել են Մյասնիկյան գյուղ:

Հակոբ Հարությունյանի հուղարկավորությանը մասնակցում էր նաև Արցախի նախագահը: Հայրենիքի պաշտպանության գործում Արցախի Հանրապետությանը ցուցաբերած բացառիկ ծառայության համար Հակոբ Հարությունյանը հետմահու արժանացավ Արցախի ազգային հերոսի կոչմանն ու Ոսկե արծիվ շքանշանի: Զինվորական պարգևներն Արայիկ Հարությունյանը հանձնեց Արցախի հերոսի եղբորը:

Արայիկ Հարությունյան, ԱՀ նախագահ - Երբ Շուշին վտանգված էր, մի խումբ մարտական ընկերների հետ եկան, երկար մարտեր մղեցին Քարիտակում: Ոմանք ասում են՝ Շուշին հանձնել ենք. Շուշին չենք հանձնել. Հակոբի նման տղաները մինչև վերջ պայքարեցին: Ես գլուխ եմ խոնարհում, Հակոբը մարմնավորում է այն տղաներին, որոնք նահատակվեցին:

Հակոբը գիտակցված մահվան է գնացել: Երբ մայրը, տիկին Կարինեն, հեռախոսով խոսել է որդու հետ և խնդրել է տուն վերադառնալ, Հակոբն ասել է՝ մամ ջան, քեզ շատ եմ սիրում, բայց չնեղանաս՝ հայրենիքիս սերն ավելի մեծ է:

Արցախի հերոսին հուղարկավորեցին ծննդավայր Մյասնիկյանի գերեզմանատանը: Գյուղից պատերազմին մասնակցել են գրեթե բոլոր տղամարդիկ: 11 զոհ ունեն, 2 անհետ կորած: Անհետ կորածներից մեկը Հակոբի հորեղբոր տղան է: Նրանց որոնողական աշխատանքները շարունակվում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում