Հանրայինի նոր եթերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 7-ից

ՌՌոզա Խաչատրյան

Կարևոր համարելով հանրային առողջությունը՝ Առաջին ալիքի նոր՝ «Առաջին օգնություն» հաղորդումը կլինի Հանրայինի հեռուստադիտողների առողջապահական խորհրդատուն: Կխոսվի հիվանդությունների, դրանց ախտորոշման, կանխարգելման և բուժման մեթոդների մասին: Հաղորդման նպատակը հանրության շրջանում բժշկին դիմելու կարևորության գիտակցումը բարձրացնելն է, առողջ ապրելակերպը խթանելը: «Առաջին օգնության» եթերների ժամանակ ոչ թե հստակ բուժում են ներկայացնելու, այլ առողջական խնդիրները լուծելու ճիշտ կողմնորոշում են տալու:

Միանշանակ սպասվում է հստակ, գիտականորեն ապացուցված բժշկական ու առողջապահական տեղեկատվություն: Հատկապես համավարակի ժամանակ հանրությունը պետք է լավ ճանաչի իր օրգանիզմն ու իմանա հիվանդությունները հեշտորեն հաղթահարելու, կանխարգելելու եղանակները:

Առաջինի «Կամքի ուժ» հաղորդաշարը հեռուստադիտողին կպատմի հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին, որ, չնայած անելանելի թվացող դժվարություններին, իրենց մեջ ուժ են գտել, աշխատում են, ստեղծագործում ու զբաղվում սպորտով: Ոմանք միջազգային մրցումների մեդալակիրներ են, մյուսներն ունեն կազմակերպություններ, արվեստանոցներ:

Հետևելով քաղաքական ու սոցիալական կարևոր իրադարձություններին, բաց չթողնելով որևէ խնդիր՝ օրվա ամենաքննարկված թեմաներն ու դեմքերը կլինեն Պետրոս Ղազարյանի ուշադրության կենտրոնում:

Հանրայինը կշարունակի լինել քննարկման հարթակ հանրությանը հուզող խնդիրների բոլոր կողմերը տեսնելու ու բոլորի ձայնը լսելի դարձնելու համար: Հավատարիմ մնալով սկզբունքին՝ նոր եթերաշրջանում աշխատանքը կշարունակի «Հանրային քննարկումը»: Պետրոս Ղազարյանը խոստանում է՝ ոչ մի հրատապ ու հետաքրքիր թեմա չի շրջանցվի:

Այս անգամ էլ էկրաններից չեն հեռանա արդեն իսկ սիրված մի շարք հաղորդումներ: Քաղաքական և հանրային հնչեղություն ունեցող հարցերը՝ թոք շոու ժանրի կանոններին համաձայն կքննարկվեն «Խաղի կանոնները» հաղորդման ընթացքում:

Բարդ ու խճճված հարցերը հասկանալու կկանչի «Եկեք հասկանանք» հաղորդաշարը: «Կողք կողքի»-ն էլ կշարունակի ներկայացնել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին: Հետաքրքիր քննարկումներ, բանավեճեր, բացահայտումներ ու խորհուրդներ: Սեպտեմբերի 7-ից մեկնարկող Հանրայինի նոր եթերաշրջանը խոստանում է լինել բազմաժանր ու բազմաբովանդակ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում