Վստահեցնում եմ՝ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում. ՀՀ վարչապետ

ՌՌոզա Խաչատրյան

Կառավարության արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին:

«Երեկ՝ հունիսի 12-ին, Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ տեղակայված մեր սահմանային դիրքերը:

Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են: Այսօր առավոտյան դրանք վերսկսվել են:

Դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը: Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարութամբ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանի գործողություններին՝ ակնհայտ և արդեն ավանդական դարձած հակահայկական տրամաբանությամբ:

Այս ռազմական միջադեպը չի առաջացել վակուումում: Արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտն իրենց հայտնի դրդապատճառներից ելնելով:

Հնարավոր է` գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ, որի համատեքստում աչքի է զարնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որն արտահայտվում է`  նրանց ուղարկելով անհեռանկար գործողությունների:

Սրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին: Ստացվում է, որ որքան տարածվում է համավարակն Ադրբեջանում, որքան սրվում է սոցիալ-տնտեսական վիճակը, այնքան սրվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հակահայկական և ռազմատենչ հռետորաբանությունը:

Ադրբեջանի ղեկավարությունը, փոխանակ սեփական ժողովրդին կոչ աներ պահպանել առողջապահական անվտանգության կանոնները, հանդես էր գալիս ռազմական պատերազմի կոչերով, կարծես թե հակահայկականությունը կորոնավիրուսի դեմ պայքարի  լավագույն միջոցն է:

Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ,

Վստահեցնում եմ, որ որևէ սադրիչ  գործողություն անպատասխան չի մնում:

Նաև կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին՝ իրենց անվերապահ զորակցությունը հայտնել մեր զինված ուժերին՝ զինվորներին, հրամանատարներին, ովքեր այս պահին ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում: Նրանք պետք է ունենան ամուր թիկունք, և մեզնից յուրաքանչյուրն այդ թիկունքի մի մասնիկն է:

Կոչ եմ անում մեր հայրենակիցներին վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներին. այս շրջանում մեր հասարակության տեղեկատվական դիմակայությունը Հայոց բանակի հաղթանակի կարևորագույն գրավականներից է»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Տեղեկացնենք, որ Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում  մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում