Ապրիլին կորսված 71 հազար աշխատատեղից մայիսին վերականգնվել է 50 հազարը. վարչապետ

ՌՌոզա Խաչատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ապրիլ ամսվա տնտեսական ցուցանիշները՝ հիշեցնելով, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով պետությունը խիստ սահմանափակումներ էր կիրառել: Վարչապետը տեղեկացրեց, որ ապրիլին ՀՀ-ում 71.471 աշխատատեղ է փակվել:

«Վերլուծելով այս և մի քանի այլ տվյալներ՝ եկանք այն եզրակացության, այսինքն՝ վերջնականապես համոզվեցինք, որ պետք է որդեգրենք կորոնավիրուսին զուգահեռ ապրելու ռազմավարություն, որովհետև եթե միայն ու միայն կենտրոնանանք առողջապահական սեգմենտի վրա, տնտեսական անկում չէ, փլուզում կունենանք»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ամեն ամսվա 20-ին ներկայացվում են նախորդ ամսվա եկամտային հարկի հաշվետվությունները: Ըստ այդմ՝ մայիսի տվյալներով Հայաստանում վերականգնվել է 50.094 աշխատատեղ:

«Աշխատատեղերի վերականգնման պրոցեսը ըստ էության շարունակվում է, և սա թերևս վերջին շրջանում մեր ունեցած ամենակարևոր լուրն է: Բայց սա չի նշանակում, որ մենք տնտեսական բարդությունը հաղթահարել ենք: Սա նշանակում է, որ մենք վերականգնման պրոցես ենք սկսել, որը պետք է շարունակենք, որ կարողանանք նոր տնտեսական ցուցանիշներ գրանցել»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ տնտեսական ցուցանիշներն իր համար անսպասելի են:

«Սա ինձ ևս մեկ անգամ համոզում է, որ պետք է անել առավելագույնը, որ խուսափենք այդ լոքդաունի վերադառնալու անհրաժեշտությունից, որովհետև առողջապահական առումով մենք թվերի որոշակի նվազում ունենում ենք, բայց տնտեսական առումով կարող է այնպիսի կոլապս լինի, որ մենք տասնամյակով վերականգնվել չկարողանանք: Ուզում եմ պայմանավորվենք՝ լոքդաունի վերադառնալու անհրաժեշտություն չունենանք, իսկ սրա համար հարկավոր է ճշգրիտ պահել հակահամաճարակային կանոնները: Եթե մենք այս կանոնները պահենք, մայիսի տվյալները ցույց են տալիս, որ կունենանք բավականաչափ արագ վերականգնում»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը հավելեց, որ առևտրաշրջանառության ծավալները նույնպես վերականգնվում են, տնտեսական առումով հսկայական էֆեկտ է ունեցել Կառավարության որդեգրած քաղաքականությունը, բայց հակահամաճարակային կարգապահության լավ ցուցանիշներ այդ ամսին չենք ունեցել՝ ի տարբերություն այժմյան տվյալների:

«Եթե մենք ստիպված լինենք լոքդաունի գնալ, գուցե այս անգամ կորցնենք ոչ թե 71, այլ 150 հազար աշխատատեղ, և այս պարագայում գուցե վերականգնումը արագ չլինի կամ հնարավոր չլինի: Ուրեմն կոչ եմ անում՝ պահել հակահամաճարակային կանոնները, կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն»,- նշեց վարչապետը՝ հույս հայտնելով, որ հունիսին կվերականգնվեն փակված մյուս աշխատատեղերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում