Մնում էր ժողովրդի 72 տոկոսի քվե ստացած ուժի միջոցով գտնել պատասխանը. Ալեն Սիմոնյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասին

ՆՆարե Ոսկանյան

«Իմ քայլը» խմբակցության նիստից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ հնարավոր է ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի:

Սիմոնյանի խոսքով՝ խմբակցության նիստում վարչապետը ելույթ է ունեցել, հնչել են հարցեր, խմբակցության անդամների ելույթներ: Վերջում վարչապետը հանդես է եկել ամփոփիչ խոսքով:

ԱԺ փոխնախագահը մանրամասնեց, որ քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, ներքաղաքական հարցեր, անդրադարձ է եղել խմբակցության աշխատանքին:

Սիմոնյանն անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հեղինակած Սահմանադրության փոփոխությունների նախագծին:

Հիշեցնենք, նախագծով նախատեսվում է դադարեցնել ՍԴ անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, և նրանց փոխարեն նշանակել ՍԴ նոր դատավորներ:

Սիմոնյանը տեղեկացրեց, որ երկուշաբթի կամ երեքշաբթի արդեն կլինի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Նա շեշտեց՝ զարգացումները տարբեր ժամանակահատվածներում տարբեր լուծումներ են առաջարկում: Քննարկման փուլում կարող են շատ բաներ փոխվել

Սիմոնյանն անդրադարձավ հարցին, թե ինչու իշխանությունը հրաժարվեց Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի դնելու մտքից, փոխարենը այն ներկայացվում է խորհրդարան: «Հանրաքվեն թերևս ամենալավ տարբերակն էր, բայց համաճարակի պատճառով, հասկանալի է, հանրաքվե հնարավոր չէ: Այդ պարագայում մնում է երկրորդ տարբերակը՝ ժողովրդի կողմից 72 տոկոս քվե ստացած ուժի միջոցով գտնել հարցի պատասխանը: Բոլորս հասկանում ենք, որ այսօրվա վիճակով ՀՀ-ում հնարավոր չէ հանրաքվե անցկացնել»:

Հարցին, միգուցե հանրաքվե անցկացնելու դեպքում նախագիծը չանցներ, Սիմոնյանը հակադարձեց. ««Միգուցե»-ով իրադարձություններ տեղի չեն ունենում»: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը վստահում է ՀՀ իշխանությանը, վստահում է ՀՀ վարչապետին:

«Այն հեքիաթները, որ որոշ մարդիկ իրենց լրատվամիջոցներով հորինել են, իրենք իրենց հավատացրել են, իրականությանը չեն համապատասխանում»,- շեշտեց նա:  

Սիմոնյանն անդրադարձավ նաև վեթթինգի գործընթացին, վստահեցնելով, որ դատաիրավական բարեփոխումների միջոցով լուծվելու են առկա խնդիրները: «Բոլոր հարցերը՝ լինի վեթթինգը, լինի ստեղծված իրավիճակը, քայլ առ քայլ լուծվում են և լուծվելու են»,- պնդեց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում