Եթե կանոնները լայնորեն չպահպանվեն, համաճարակի հաղթահարումը դառնալու է անհնարին. վարչապետ

ՌՌոզա Խաչատրյան

Խորհրդարանը քննարկում է արտակարգ դրության ժամկետը մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն, երկարաձգելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որոշման պատճառն այն է, որ դեռևս մարտին հայտարարված արտակարգ դրության պատճառները չեն վերացել, և ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակը շարունակում է տարածվել:

Բուժհաստատությունները գերբեռնված են՝ նշեց վարչապետը՝ հավելելով, որ 1857 սովորական մահճակալներից երեկվա դրությամբ զբաղված էր 1551-ը, վերակենդանացման 239 մահճակալից ծանրաբեռնված է եղել 204-ը: Ծավալումը շարունակվում է՝ նշեց Կառավարության ղեկավարը՝ հավելելով՝ իրավիճակը ճգնաժամային է:

«Կորոնավիրուսի հաղթահարումը ոչ այնքան առողջապահական, որքան հանրային վարքագծային, կարգապահական խնդիր է: Իմ ընկալումն այս դեպքում էլ այն է, որ լուծումը մեր մտքում է և մեր գլխում: Այս իրավիճակը կարող է հաղթահարվել միայն ու միայն հանրային վարքագծային փոփոխություններով: Ամենատարբեր կանխատեսումներով՝ կորոնավիրուսը աշխարհում գոյություն է ունենալու 1.5 տարի, նույնիսկ կան գնահատականներ, որ առաջիկա 5 տարիներին աշխարհը լինելու է կորոնավիրուսի համավարակի մեջ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ աշխարհը հիմա պատվաստանյութի փնտրտուքի մեջ է, բայց հարց է, թե այն երբ կհայտնաբերվի: Այնպես որ պետք է ապրել «հույս ունեցիր լավագույնի, բայց պատրաստվիր վատթարագույնի» սցենարով:

Փաշինյանը կրկնեց իր տեսակետն այն մասին, որ ամեն օր հրապարակվող վարակման դեպքերը ցույց են տալիս, թե մենք ինչպես ենք պահպանել հակահամաճարակային կանոնները վերջին 14 օրերի ընթացքում:

«Եթե մեր թվերը այսքան են, դա նշանակում է, որ մենք բոլորս հակահամաճարակային կանոնները չենք պահպանել պատշաճ մակարդակով, դիմակների կրման պարտադիր պայմանը մտցրել ենք հունիսի 3-ին, այսօր 12-ն է, եթե սահմանված կանոնները պահեինք պատճաշ մակարդակով, ապա մեծ հավանականությամբ այսօր կունենայինք թվերի նվազում: Ուզում եմ արձանագրել, որ անկախ Կառավարության գործադրած ջանքերից, եթե լայնորեն այդ կանոնները չպահպանվեն, համաճարակի հաղթահարումը դառնալու է անհնարին»,- նշեց վարչապետը՝ հիշեցնելով ռազմավարությունը՝ ապրել կորոնավիրուսի հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում