Եթե միասին պահպանենք այս միտումը, կլուծենք հոսպիտալացման հետ կապված խնդիրներն ամբողջ ծավալով. վարչապետ

ԱԱրման Գալոյան

«Կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները Հայաստանում կայունացման թույլ նախանշաններ են ցույց տալիս: Բայց առայժմ չենք կարող արձանագրել, որ իրավիճակն ամբողջությամբ կայունացել է»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան ճեպազրույցի ժամանակ:

Վարչապետի խոսքով՝ Կառավարության, պարետատան ու առողջապահության նախարարության գործադրած ջանքերի շնորհիվ իրավիճակի կայունացումը առողջապահական համակարգի համար դառնում է տանելի: «Ըստ էության, հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրը տեսնում ենք, որ ամեն օրվա հետ ավելի փոքրանում է: Եվ եթե միասին պահպանենք այս միտումը, կլուծենք հոսպիտալացման հետ կապված խնդիրներն ամբողջ ծավալով ու կանցնենք կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման, ավելի ճիշտ՝ զրոյացման փուլին»,- ասաց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ այժմ քաղաքացիների մեծամասնությունը կրում է դիմակ ու պահպանում կանոնները, բայց դեռ չունենք ցանկալի արդյունք: Նա տեղեկացրեց, որ այսօր ամբողջ Հայաստանում ժամը 15:00-ի դրությամբ ոստիկանները տուգանել են 1800 քաղաքացու՝ դիմակ կրելու կանոնները չպահպանելու համար:

«Մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ»,- շեշտեց վարչապետը: Ըստ Փաշինյանի՝ իշխանության խնդիրն է այդպես ուղերձ հղել, որ հակահամաճարակային կանոնների նկատմամբ հսկողությունը խստանալու է, և քաղաքացիներն իրենք պահպանեն կանոնները ոչ թե տուգանվելու վախից կամ տհաճությունից, այլ որ այդպես պահպանեն իրենց, հարազատների և այլ քաղաքացիների առողջությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում