Վերջին օրերին արձանագրել ենք հակահամաճարակային կանոնների պահպանման որոշակի դրական դինամիկա․ Փաշինյան

ՆՆարե Ոսկանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հիշեցրեց՝ ինքն ու ընտանիքի անդամներն առողջացել են կորոնավիրուսից՝ թեստի պատասխաններն այսօր եղել են բացասական։ Վարչապետը կեսօրից վերադարձել է լիարժեք աշխատանքի։ Ասաց՝ առաջին բացասական պատասխանը ստացել էին երեկ կեսօրին, այսօր ստացել են կրկնակի թեստի պատասխանը, և երկու դեպքում էլ եղել են բացասական։

«Մենք դրական ախտորոշվել էինք նախորդ կիրակի և 7 օր անց բացասական թեստի առկայությունը մեզ ստիպում է, որ մենք վերանայենք մեր վարակվելու ժամկետների և  հանգամանքների մասին պատկերացումները։ Մենք դրանով զբաղվում ենք, և սեփական փորձը, կարծում եմ, մեզ կօգնի որոշ օգտակար հետևություններ անել»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ վերջին օրերին արձանագրել են հակահամաճարակային կանոնների պահպանման  որոշակի դրական դինամիկա։  Վարչապետը շնորհակալություն հայտնեց հակահամաճարակային կանոնները պահպանող քաղաքացիներին:

«Հակահամաճարակաին գործողությունները, օրինակ՝ համատարած դիմակ կրելը, իրենց արդյուքները կարող են տալ ամենաշուտը մեկ շաբաթից, որովհետև վարակի հնարավոր ինկուբացիոն ամենակարճ շրջանը համարվում է 7 օրը։ Ուզում եմ ընդգծել, որ կարևոր է հակահամաճարակային կանոնների ոչ միայն ֆորմալ պահպանումը, այլև այդ կանոնների ճշգրիտ պահպանումը»,- շեշտեց Փաշինյանը։

Վարչապետը տեղեկացրեց, որ հակահամաճարակային քաղաքականության առումով ամենօրյա քննարկումներ են ունենում։ Ասաց՝ համոզված է, որ որ գնում են ճիշտ ճանապարհով, որի արդյունավետությունը կերևա, երբ պահպանվեն հակահամաճարակային կանոնները: 

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ հանրության մոտ որոշակի դրական արձագանք է ստացել հակահամաճարակային շարժում սկսելու իրենց կոչը: Նա հույս հայտնեց, որ կձևավորվեն կամավորների երկու հոգանոց խմբեր, որոնք հակահամաճարակային կանոնները պահպանելով՝  մեր մյուս քաղաքացիներին հարգանքով կիրազեկեն այդ կանոնների կարևորության մասին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում