Անցյալում կնքված գազային խայտառակ համաձայնագրի արդյունքում է Ռուսաստանը տոտալ մենաշնորհ հաստատել Հայաստանում

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում անդրադարձավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկ հրապարակած ուսումնասիրություններին՝  «Գազպրոմ Արմենիա» ընկերության բաժանորդներին հասնող գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին:

Բաբաջանյանը նշեց, որ ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ գազի գինը սպառողների համար չպետք է բարձրանա, իսկ «Գազպրոմ Արմենիան» առաջարկել էր բոլոր բաժանորդների համար նույնական սակագին սահմանել՝ չեղարկելով սոցիալապես անապահովներին մատչելի գնով գազի տրամադրումը, ինչի հետևանքով գազը նրանց համար շուրջ 36 տոկոսով կթանկանա:

Բաբաջանյանը նշեց, որ «Գազպրոմ Արմենիայի» մյուս առաջարկների ընդունման դեպքում գազի սակագինը միջինը 11 տոկոսով կբարձրանա:

«Այս թանկացումը տեղի է ունենում միջազգային շուկաներում էներգակիրների, այդ թվում՝ գազի զգալի էժանացման դեպքում: Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ նույն Ռուսաստանը զգալիորեն նվազեցնում է եվրոպական երկրներ մատակարարվող գազի գինը: Սա ռազմավարական գործընկեր երկրի կողմից մեզ ուղղված ոչ բարեկամական քայլ է, որն ակնհայտորեն ունի ոչ թե տնտեսական, այլ բացառապես քաղաքական բաղադրիչ: Ռուսաստանի համար գազի գինը քաղաքական լծակ է եղել միշտ, այդպիսին է նաև այսօր:

Ամեն անգամ գազի սակագնի քննարկման ժամանակ մեզ ուրվականի պես այցի է գալիս Հայաստանի հանցավոր անցյալը, քանի որ այդ անցյալում 2013-ին կնքված գազային խայտառակ համաձայնագրի արդյունքում է Ռուսաստանը գազային տոտալ մենաշնորհ հաստատել Հայաստանում: Այսօր գազի գնի յուրաքանչյուր թանկացման ժամանակ վճարում ենք այդ հանցավոր անցյալի, նախկին իշխանությունների կնքած հակապետական գործարքների համար»,- նշեց պատգամավորը:

Ըստ Արման Բաբաջանյանի ՝ այս իրավիճակից միակ ելքը այդ համաձայնագրերի վերանայումն է:

«Ակնհայտ է սակայն, որ մինչև այդ համաձայնագիրը չվերանայվի, մենք շարունակելու ենք ապրել գազային ստրկության պայմաններում՝ ամեն անգամ գազի թանկացման տեսքով ապտակ ստանալով մեր ինքնիշխանությանը»,- նշեց Բաբաջանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում