Մինչև հողի մշակման կուլտուրան չփոխվի, գյուղացին չի հարստանա. վարչապետ

ՌՌոզա Խաչատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Ազատավան, Վերին Դվին, Քաղցրաշեն և Նարեկ համայնքներ այցից հետո Ֆեյսբուքի ուղիղ եթերում ամփոփեց այն:

Փաշինյանը նշեց, որ այդ համայնքներում գյուղացիների բարձրացրած խնդիրները արդարացի են, դրանց մի մասը շուտով կլուծվի, բայց դրանք խորքային լուծում չեն լինի:

«Ինչո՞ւ՝ որովհետև մի տարի բերքը ավելի շատ է լինելու, քան պետք է: Արդյունքում՝ բերքի գինը էնքան է ընկնելու, որ գյուղացին եկամուտ չի ունենալու, մի տարի էլ բերքը քիչ է լինելու, մի տարի կարկուտ է գալու, մի տարի անձրև է գալիս, մի տարի երաշտ է... Բոլորը հավասարազոր խնդիրներ են: Այսինքն՝ ես էլի մնում եմ իմ տեսակետին: Հարցի լուծումը մտածելակերպի փոփոխությունն է: Ոռոգման մասով՝ էն ջուրը, որ օգտագործվում է այս դաշտերում, այդ ջրով կարելի է տասն անգամ ավելի շատ հող մշակել, տասն անգամ ավելի շատ բերք ստանալ: Հողի մշակման կուլտուրան մեր երկրում պետք է փոխվի, որովհետև այս մշակմամբ հնարավոր չի էնպես անել, որ դա գյուղացուն հարստացնի»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ խնդիրը մտածողության մեջ է, և ոլորտում գիտելիքների անհրաժեշտություն կա:

«Ժամանակակից գյուղատնտեսության պայմաններում բերքը կախված չէ եղանակից, բերքը կախված չէ այլ գործոններից, այն կախված է պլանավորումից: Ինչքան պետք է՝ այնքան էլ ստանում են: Շատ տխուր հետևության եմ գալիս, պարզ է՝ ջրի խնդիր կա, այլ խնդիրներ կան, բայց գլխավոր հարցը չի լուծվելու, գյուղացին դրանից բարեկեցիկ չի դառնալու: Գյուղացին մինչև այն պայմաններում չաշխատի, որ կոկիկ հագնվի ու գնա իր այգում աշխատելու, այդ հարցը չի լուծվելու:

Պետք է անցնել գյուղատնտեսության ժամանակակից տեխնոլոգիաներին՝ ինտենսիվ գյուղատնտեսություն, բիզնես մոդելի վրա հիմնված գյուղատնտեսություն, հողատարածքների խոշորացման վրա հիմնված գյուղատնտեսություն, և սա պետք է լինի մեր ռազմավարությունն ու ուղղությունը:

Տեղեր կան, որ ջրի խնդիր չկա, գնանք տեսնենք՝ այդ նույն տեղերում այդ մարդիկ ավելի լա՞վ են ապրում, քան այս գյուղում: Իհարկե ոչ, քանի որ խնդիրը ջրի մեջ չէ, խնդիրը մտածողության մեջ է, աշխատանքը կազմակերպելու կուլտուրայի մեջ է:

Մի ուրախալի հարց արձանագրեմ: Ուրախալի է, որ մեր շատ գյուղացիներ ընդունում են, որ գիտելիքի պակաս կա: Այսինքն՝ մեր մտածողության մեջ ինչ-որ բան փոխվում է, և սառույցը շարժվեց»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերը եզրափակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում