Ձգտում ենք անել առավելագույնը՝ դատաիրավական բարեփոխումներին համապարփակ անդրադառնալու համար. Լիլիթ Մակունց

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ քննադատություններին, թե վեթինգի գործընթացը տապալվել է:

Մակունցը նշեց, որ իրենք այն կարծիքին չեն, թե վեթինգի գործընթացը տապալվել է:

«Բարեվարքությանը վերաբերող այդ օրենքների շարքը, որ կա, իրականացնում է գրեթե նույն գործառույթը: Այնտեղ կան հատվածներ, որոնք Սահմանադրության հետ հակասությունների մեջ են մտնում և այն ձևակերպումներով ու շեշտադրումերով, որ ենթադրում էր վեթինգն ըստ էության, չի կարող լինել, որովհետև Սահմանադրությունը թույլ չի տալիս: Բայց դա չի նշանակում, որ բարեվարքությանն առնչվող օրենքների շարքը չի լուծում խնդիրների մեծամասնությունը»,- նշեց Մակունցը:

Իշխող խմբակցության ղեկավարը կարծում է, որ շատ հարցերում ճիշտ կլիներ, եթե ավելի արագ գործեին: Ըստ Մակունցի՝ իրենց գործողություններում ամեն ինչ կատարյալ չէ, բայց ձգտում են առավելագույնի:

«Մենք ձգտում ենք անել առավելագույնը՝ դատաիրավական բարեփոխումներին համապարփակ անդրադառնալու համար: Դրական ենք գնահատում այն ռազմավարությունը, որը մշակել է արդարադատության նախարարը, և պարզապես այդ ուղղությամբ բոլորս պետք է դրսևորենք հետևողականություն և իրականացնենք դրանք»,- ասաց Մակունցը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում