Մանդատները պատրաստ են վայր դնել Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը, բայց մեկ պայմանով. Լիլիթ Մակունց

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր իր ելույթի ժամանակ անդրադարձավ խորհրդարանում ուրբաթ օրը տեղի ունեցած միջադեպին: Մակունցը հիշեցրեց, որ իրենք դատապարտել են միջադեպը:

«Դատապարտել ենք, որ տրվեն ենք սադրանքների, դատապարտել ենք, որ անկախ երևույթներից՝ մենք իրավունք չունեինք մտնել այդ դաշտ, բայց նաև դատապարտում ենք մարդու արժանապատվությունը հետևողական կերպով ոտնահարելն ու կոնֆլիկտներ հրահրելը»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Իշխող ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավարը հիշեցրեց նաև այս խորհրդարանում նախկինում տեղի ունեցած նմանօրինակ միջադեպերի ժամանակագրությունը:

«Ես ուզում եմ հիշեցնել, թե ով էր այն պատգամավորը, որ 2019 թվականի հունվարի 16-ին՝ խորհրդարանի երդմնակալության արարողությունից երկու օր անց, կոնֆլիկտ հրահրեց Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ. Էդմոն Մարուքյանը: Ես ուզում եմ հիշեցնել և հարցնել՝ ո՞վ էր այն պատգամավորը, որ մոտ 2 շաբաթ առաջ այստեղ պատգամավոր Գևորգ Պապոյանին պարբերաբար ընդհատում էր, հետո ի վերջո հնչեցրեց սպառնալիք՝ ձայնդ կտրիր, թե չէ քթիցդ արյուն է գալու. Էդմոն Մարուքյանը: Ո՞վ էր այն պատգամավորը, որը Ռուբեն Ռուբինյանի վարման կարգով ելույթի ժամանակ իջնում է աստիճաններից, գալիս Ռուբինյանի մոտ, խանգարում՝ փորձելով չթողնել նրան խոսել և հրահրել կոնֆլիկտ: Ո՞ էր այն պատգամավորը, ում Մխիթար Հայրապետյանը դիմում էր՝ խնդրելով չընդհատել և խոսել ԱԺ պատգամավորի հետ հարգանքով և Դուք-ով»,- թվարկեց Մակունցը՝ հիշեցնելով նման մի քանի դեպք ևս, այդ թվում՝ «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հետ Մարուքյանի կոնֆլիկտը, Ալեն Սիմոնյանի հասցեին հնչեցրած հայհոյանքը:

Մակունցը նշեց, որ Մարուքյանի եղբայրը շարունակում է սեռական բնույթի հայհոյանքների մշակույթը մեկ այլ պատգամավորի մոր հասցեին:

«Ինչպե՞ս կարող է բռնությանը դեմ մարդը, այն բանից հետո, երբ Սասուն Միքայելյանը նրան ապտակել է, և որոշ պատգամավորներ պահել էին Միքայելյանին՝ հնարավորություն չտալով նրան որևէ գործողություն անելու, Մարուքյանը, տեսնելով, որ ինքնապաշտպանվելու խնդիր չունի, հարձակվում է և ոտքով հարվածում: Ինչպես կարող էր բռնությանը դեմ պատգամավորը վտանգ չներկայացնող և ինքնապաշտպանության որևէ խնդիր չունենալու պարագայում ոտքով հարվածել»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

Մակունցը նաև պարզաբանեց, թե ինչու է կրկին անդրադառնում այս հարցին, երբ ուրբաթ օրը միջադեպից հետո արդեն ելույթ էր ունեցել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը զոհ չէ, ինչպես իրենք փորձում են պնդել պարբերաբար: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ ի դեմս իրենց ղեկավար Էդմոն Մարուքյանի, կոնֆլիկտի կողմ է, ավելին՝ կոնֆլիկտ հրահրող կողմ է: Ինձ համար զարմանալի է, որ խմբակցության ղեկավարը կարող է կոնֆլիկտ գեներացնողի դերում հանդես գալ»,- նշեց Մակունցը՝ հավելելով, որ իրենք միշտ հաշտեցնողի դերում են հանդես եկել:

Մակունցը նշեց, որ իրավիճակը հարթելու համար և հետագայում նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար պետք է իրավիճակն ունենա քաղաքական հետևանք:

«Այդ հետևանքի մասին այսօր այստեղից հայտարարություն արեց Սասուն Միքայելյանը: Այո, քաղաքական հետևանք պետք է լինի, և Սասուն Միքայելյանի առաջարկով նաև: Նա պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր է դնում նաև Էդմոն Մարուքյանը: Ավելին՝ իրենց մանդատները վայր դնել պատրաստ են նաև պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ միաժամանակ իրենց մանդատները վայր են դնելու նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը: Սա է մեր դիրքորոշումը, և սա է արդարությունը, և սա է քաղաքական հետևանքը, որը պետք է տեղի ունենա, եթե իհարկե այն մարդիկ, ովքեր խոսում են արժեքներից, իսկապես այդ արժեքների կրողն են»,-նշեց Մակունցը՝ կարծիք հայտնելով, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պետք է շատ կարճ ժամանակում հանդես գա արձագանքով և ներկայացնի իր դիրքորոշումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում