Կլինի ընդունելության միայն մեկ քննություն, որը կանցկացվի հուլիսի առաջին տասնօրյակում

ՌՌոզա Խաչատրյան

Ընդունելության քննություններում տեղի կունենա ընթացակարգի փոփոխություն՝ այսօր հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ 

Նախարարի խոսքով՝ մասնակիցները ընդունելության քննությունների հայտերը  հանձնել են մինչև մարտի 15-ը, և քանի որ տեղի է ունենալու ընթացակարգի փոփոխություն, անհրաժեշտ է հայտերի ճշգրտման և փոփոխության ժամանակ տալ թե՛ արդեն հայտագրվածներին, և թե նախորդ տարիների շրջանավարտներին, նաև այն դիմորդներին, որոնք նպատակադրվել էին դիմել այլ բուհեր, որոնց քնությունները անորոշ ժամանակով հետաձգվել են։

«Ընդ որում՝ առաջարկվում է միավորել քննությունների հայտագրման գործընթացը բուհեր դիմելու դիմում-հայտերի լրացման գործընթացի հետ՝ ունենալով մեկ պրոցես։ Մայիսի 25-ից հնարավորություն կտրվի հայտագրվելու մինչև հունիսի 15-ը։ Դիմորդները միաժամանակ կընտրեն թե՛ քննական առարկան, թե՛ բուհն ու մասնագիտությունը։ Մինչև մարտի 15-ը մի քանի քննության համար հայտարարագրված դիմորդներին կվերադարձվեն քննությունների համար վճարված գումարները՝ փոխանցման միջոցով։ Այսինքն՝ մեկ քննություն է հանձնվելու։ Մինչև մայիսի 30-ը կասենք, թե որ մասնագիտությունից որն է լինելու միակ և հիմնական քննության առարկան։

Սա արեցիք, քանի որ ցանկացանք, որ ոչ միայն ատեստատներով ընդունելությունը լինի, այլև անպայման փորձենք գիտելիքները ստուգել։ Անելու ենք մեկ քննություն։ Քննական կենտրոններ լինելու են ամբողջ հանրապետությունով մեկ»,- նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ այս տարի ընդունելության քննությունները լինելու են հուլիսի առաջին տասնօրյակի ընթացքում։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ տեղեկացրեց, որ մայիսի 25-ից, երբ կսկսվի հայտագրման գործընթացը, հայտերի ընդունումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով։ Դիմորդները կկարողանան հայտագրվել միաժամանակ և միասնական քննության համար՝ միաժամանակ ներկայացնելով դիմում-հայտը բուհերի ու մասնագիտությունների համար։

Մագիստրատուրայում ընդունելության կարգով ժամկետներ էին սահմաված հունիսի 5-20-ը, հիմա առաջարկվում է գործընթացն իրականացնել հունիսի 16-ից 30-ը, արդյունքներն էլ ամփոփել մինչև հուլիսի 5-ը։

Ասպիրանտուրայում ընդունելության գործընթացի մասով առաջարկվում է կասեցնել մրցութային չհամարվող օտար լեզվի և ինֆորմատիկայի՝ տեղեկատվական-հաղորդակցական հիմունքներից ստացած միավորը հավաստող վկայականի և կամ տեղեկանքի ներկայացման պահանջը։ Հիմա առաջարկվում է գործընթացն իրականացնել հունիսի 16-30-ը, արդյունքներն էլ ամփոփել մինչև հուլիսի 5-ը։

Քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը կկազմակերպվի օգոստոսին՝ հիմնականում ատեստատների գնահատականներով։ Բացառություն է արվեստի և առողջապահական հաստատությունների դեպքում, որտեղ կիրականացվի մեկական քննություն՝ ինչպես բուհերում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում