Ազգային ժողովում ստեղծված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող նոր քննիչ հանձնաժողովը նպատակ չունի քննել կոնկրետ հոգևորականների կամ Ամենայն Հայոց Կաթողիկոսի արարքները, այլ զբաղվելու է բացառապես պետություն–եկեղեցի իրավահարաբերությունների կարգավորմամբ և օրենսդրական բացերի լրացմամբ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային ժողովում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով հանձնաժողովի մանդատին, անելիքներին և հնարավոր հրավիրյալների շրջանակին։
«Եթե դուք կարդացել եք հանձնաժողովի մանդատը՝ հանձնաժողովը անձերի վերաբերյալ չէ, հանձնաժողովը անձերի հարց չի քննելու, հանձնաժողովը անձերի վերաբերյալ առաջարկություններ չի ներկայացնելու։ Հանձնաժողովը քննելու է հարաբերությունների վերաբերյալ հարցեր և ներկայացնելու է հարաբերությունների վերաբերյալ առաջարկություններ։ Սա քրեական դատարան չի, որտեղ քննարկում են անձի արարք։ Սա իրավահարաբերությունների քննիչ հանձնաժողով է, ոչ թե անձերի արարքների վերաբերյալ քննիչ հանձնաժողով»,- ասել է Եղոյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հոկտեմբերի 26-ին հրավիրած նիստում քվեարկությամբ հաստատել է աշխատակարգը։








