ԱԼԻԵՎԸ ԲԱՔՎՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը: Իլհամ Ալիևը և Սուբրահմանյամ Ջայշանկարը քննարկել են երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացման հեռանկարը: Անդրադարձ է եղել տարածաշրջանում իրավիճակին:
Ջայշանկարը հայտարարել է, որ Հնդկաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Նրա խոսքով՝ Նյու Դելին ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասում զարգացումներին և ողջունում 2025 թվականի օգոստոսին Ադրբեջանի և Հայաստանի ձեռք բերած պայմանավորվածությունները։ «Հուսով ենք՝ դա կհանգեցնի տևական խաղաղության հաստատմանը։ Հնդկաստանի դիրքորոշումը շատ հստակ է. վեճերը պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով», - նշել է նախարարը։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ. ԶԵԼԵՆՍԿԻ
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևն աջակցում է փորձագիտական մակարդակով Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները վերսկսելու գաղափարին: Նա նաև տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Սպիտակ տան բանագնացների հետ, քննարկվել են Սթիվ Ուիթքոֆի և Վլադիմիր Պուտինի՝ օրերս կայացած հանդիպման արդյունքները:
Զելենսկին շեշտել է՝ Ուկրաինային անվտանգության արդյունավետ երաշխիքներ են պետք, դիտարկում են երեք հիմնական տարբերակ՝ ՆԱՏՕ-ին անդամակցություն, ԱՄՆ-ի կողմից անվտանգության ուղղակի երաշխիքներ, աջակցություն եվրոպական գործընկերներից: Նա ընդգծել է, որ անվտանգության հիմքը պետք է մնա ուժեղ ուկրաինական բանակը:
ՄՈՍԿՎԱՅԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ Է ՊԵՏՔ. ՊՈՒՏԻՆ
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում անիմաստ են խոսում կորցրած տարածքների մասին, քանի որ դրանք, Կրեմլի ղեկավարի ձևակերպմամբ, պատմական Ռուսաստանի տարածքներն են։ Նա հերթական անգամ կրկնել է՝ Մոսկվային վերջնական կարգավորում է պետք, այլ ոչ ժամանակավոր հրադադար: «Մոսկվան պատրաստ է բանակցել և ելքեր փնտրել այս բարդ իրավիճակից։ Բարդ՝ այն իմաստով, որ ուկրաինացիները մեր մտերիմ ժողովուրդն են: Գենետիկական վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ իրականում մենք մեկ ժողովուրդ ենք», - շարունակել է նախագահը:
Նրա կարծիքով՝ Մոսկվան և Կիևը կարող են պայմանավորվել: «Հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներն այսպես թե այնպես կիրագործվեն», - նախազգուշացրել է Պուտինը։ Նա մեկնաբանել է Սպիտակ տան բանագնացի հետ հանդիպումը, հայտնել, որ պայմանավորվել են վերսկսել եռակողմ բանակցությունները՝ քննարկելու խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրումից հետո Ուկրաինային և Ռուսաստանին տրամադրվելիք անվտանգության երաշխիքները:
Կրեմլի խոսնակն էլ հայտնել է, որ բանակցությունները կանցնեն Աբու Դաբիում՝ նոյեմբերի առաջին կեսին: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ կարևոր է քննարկել ընդհանուր առմամբ եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, ինչը հնարավոր չէ անել առանց եվրոպական կողմի, սակայն դա կախված կլինի Բրյուսելի դիրքորոշումից:
ՌԴ-Ն ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐՎԱԾՆԵՐ ԵՆ ՀԱՍՑՐԵԼ
Դիվանագիտական գործընթացներին զուգահեռ Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները: Ուկրաինայում հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության:
Ուկրաինական ուժերն էլ թիրախավորել են Պերմի երկրամասին արդյունաբերական օբյեկտներից մեկը: Մոսկվայի օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է: Շերեմետևոյում տարհանում է հայտարարվել:
ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռումինիայի ափերի մոտ էլ բեռնատար նավ է խորտակվել: Նավի վրա եղել է անձնակազմի 13 անդամ՝Ուկրաինայի և Ադրբեջանի քաղաքացիներ։ Նրանցից 9-ին հաջողվել է փրկել, առնվազն մեկ մարդ զոհվել է, երեքը համարվում է անհետ կորած։
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Մոսկվան և Կիևը գերիների հերթական փոխանակումն են անցկացրել՝ 270-ը 270-ի դիմաց ձևաչափով:
Սպիտակ տնից էլ տեղեկացրել են, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ջանքերով հաջողվել է հրադադարի հասնել Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում, որտեղ վերջին շրջանում հումանիտար ծանր իրավիճակ էր ստեղծվել: Չդադարող հարվածների հետևանքով անհնար էր դարձել սնունդ և հումանիտար այլ աջակցություն հասցնել քաղաք, ինչպես նաև ապահովել բնակիչների տարհանումը: Հրադադարն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 29-ին:
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՑՈՒՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Եվրոպայում ցույցերը չեն դադարում: Ակցիաներ են Հունաստանի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Աթենքում: Ցուցարարները պահանջում են բարեփոխել կրթության համակարգը, միջոցներ ձեռնարկել գնաճի, բնակարանային հասանելիության, աշխատավարձերի հետ կապված խնդիրների դեմ: Ցույցերին բացի ուսանողներից միացել են ուսուցիչներ, բուժաշխատողներ, թոշակառուներ:
Ցույցեր են նաև Ավստրիայում: Հազարավոր երիտասարդներ դուրս են եկել Վիեննայի փողոցներ՝ բողոքելու կրթական և աշխատանքային պայմանների դեմ:
Սերբիայում էլ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ զանգվածային ցույցեր են՝ ընդդեմ նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչի, որը ձգտում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան













