Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը Երևանում հանդես է եկել հայտարարությամբ՝ ամփոփելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած բանակցությունների արդյունքները։
Ղրղզստանի նախագահն ընդգծել է, որ սա Ղրղզստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, ինչը պատմական նշանակություն ունի երկու երկրների հարաբերություններում։ Նա շնորհավորել է հայկական կողմին կենսաբազմազանության թեմայով առաջնորդների գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ։
«Ուրախալի է, որ մեր երկրների միջև ձևավորվել է բաց և կառուցողական քաղաքական երկխոսություն։ Մենք լայն հնարավորություններ ենք տեսնում առևտրի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, առողջապահության և հատկապես տրանսպորտային տարանցման ոլորտներում»,- նշել է Սադիր Ժապարովը։
Բանակցությունների առանցքային արդյունքներից է եղել երկկողմ փաստաթղթերի լուրջ փաթեթի ստորագրումը, որոնք կարգավորում են քաղաքացիների տեղաշարժի, կենսաթոշակների, կրթության, գիտության և անձնական տվյալների պաշտպանության հարցերը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բնապահպանական ոլորտին․ ստորագրվել է համագործակցության փաստաթուղթ Սևան և Իսիկ Կուլ լճերի պահպանության վերաբերյալ, որոնք Ժապարովն անվանել է երկու ժողովուրդների անգին բնական գանձերն ու ազգային ժառանգությունը։
Ելույթի ավարտին Ղրղզստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու հոկտեմբերի 21-23-ը Բիշքեկում կայանալիք «Բիշքեկ+25» համաշխարհային լեռնային գագաթնաժողովին։













