Ուկրաինայի նախագահը և Եվրոպական խորհրդի ղեկավարը հեռախոսազրույց են ունեցել։ Անտոնիու Կոշտան հրավիրվել է Վոլոդիմիր Զելենսկուն հաջորդ շաբաթ մասնակցել Եվրոպական խորհրդի գագաթնաժողովին։ Նա տեղեկացրել է, որ հեռախոսազրույցում քննարկել են եվրաինտեգրման ճանապարհին Ուկրաինայի գրանցած առաջընթացը։
Կոշտայի խոսքով՝ ակնկալվում է, որ արդեն հաջորդ շաբաթ անդամակցության բանակցությունների շրջանակում կբացեն երկու կլաստեր, իսկ մնացածը՝ մինչև տարեվերջ։
Եվրոպական խորհրդի նախագահը մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանն ակտիվացրել է ագրեսիվ գործողությունները, մասնավորապես՝ քաղաքացիական օբյեկտների հրթիռակոծությունը և ԵՄ երկրների դեմ հիբրիդային հարձակումները։ Նրա խոսքով՝ սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Մոսկվան հետաքրքրված չէ իրական բանակցություններով։
«ԵՄ-ն կշարունակի աջակցել Կիևին այնքան, մինչև հաստատվի արդար և կայուն խաղաղություն։ Մոսկվան պետք է դադարեցնի պատերազմը»,- ընդգծել է Կոշտան։
Զելենսկին էլ շնորհակալություն է հայտնել եվրոպական կողմին՝ վերջերս հատկացված 1,2 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցության համար, որի հաշվին ԱԹՍ-ներ ձեռք կբերեն և կխթանեն անօդաչու սարքերի արտադրությունը։ Անդրադարձ է եղել էներգետիկ աջակցությանը՝ հատկապես ձմռանն ընդառաջ։
Զելենսկին նաև տեղեկացրել է, որ Կիևի բանակցային թիմն առաջիկա ժամերին ԱՄՆ-ում կհանդիպի Սպիտակ տան բանագնացների հետ։ Նա ակնկալում է, որ քննարկումներին կմիանա նաև եվրոպական թիմը։
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում:












