Սումգայիթ. չսպիացող վերք, որն Ադրբեջանը փորձեց կոծկել Խոջալուով
37 տարի առաջ այս օրերին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղացի ջարդարարները նույն քաղաքում ապրող հայերի կոտորածով պատասխանեցին Ստեփանակերտում Խորհրդային Հայաստանի հետ միավորվելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հավաքին: Հետագայում Մոսկվան հրապարակեց պաշտոնական տվյալներ, ըստ որոնց` ջարդերի ժամանակ սպանվել է 32 մարդ, որից 26-ը՝ ազգությամբ հայ: Տարբեր տեղեկություններով` զոհերի թիվն ավելին էր: Ջարդերից հետո տեղի ունեցած դատավարությունը ոչնչով չկաշկանդեց ադրբեջանցիներին, Սումգայիթին հաջորդեցին Կիրովաբադը, Մարաղան ու Բաքուն: 1990 թվականի դրությամբ Ադրբեջանի տարբեր քաղաքներից բռնագաղթեց մոտ կես միլիոն հայ:
37 տարի անց էլ Սումգայիթի արյունալի իրադարձությունների ականատեսները հիշում են մանրամասներ, չխուսափելով ասել, որ ողջ են մնացել իրենց ադրբեջանցի հարևանների շնորհիվ: Հայաստանի ազգային արխիվում պահվում են շատերի վկայությունները, որոնցում ամեն հաջորդ խոշտանգման նկարագրությունը մյուսից սարսափելի է:
Իրինա Մկրտչյանն է լսել սումգայիթյան իրադարձությունների վկաներին:













