ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկին առնչվող հարցին:
Նրա խոսքով՝ գործընթացը ՀՀ ժողովրդի կամքն է:
«Եվ մենք այդ կամքը ՀՀ ԱԺ-ում քննարկելու ենք, քվեարկելու ենք և որոշում ենք կայացնելու: Դրանից հետո պարզ կլինի, բայց ես չեմ կարծում, որ ռուսական կողմը պետք է դրա հետ կապված այդքան մեծ մտահոգություններ ունենա:
Չեմ կարծում, որ համագործակցությունը համատեղելը որևիցե ձևով կարող է խնդիր հանդիսանալ: Եթե իրենց համար դա խնդիր է, կարծում եմ՝ չկա այնպիսի խնդիր, որ հայկական և ռուսական կողմը չեն կարող իրար հետ քննարկել: Կարող են քննարկել ու լուծումներ գտնել: Հայաստանն ինքնիշխան պետություն է, Հայաստանն ինքն է որոշում, թե ինչ օրենք ընդունի, ինչն է բխում իր շահերից, ինչը՝ ոչ»,- ասաց ԱԺ նախագահը:
Դիտարկմանը՝ երբ ԱԺ նախագահն ասում է՝ մտահոգվելու առիթ չունի, արդյոք դա նշանակո՞ւմ է, թե Հայաստանը մնալու է ԵԱՏՄ-ում, պատասխանեց՝ ԵԱՏՄ-ն Հայաստանին տնտեսական առումով ձեռնտու կառույց է:
«Մենք որևիցե միտում չունենք ԵԱՏՄ-ն լքելու և ուզում ենք շարունակել»,- նշեց ԱԺ նախագահը:
Հարցին՝ արդյոք ԱԺ-ում ԵՄ անդամակցության գործընթացին կողմ քվեարկելը կամ ընթացք տալը կարելի՞ է համարել ԵՄ անդամակցության ճանապարհին արված առաջին քայլ, Սիմոնյանը պատասխանեց. «Նախ, ո՞վ ասաց, որ մենք կողմ ենք քվեարկելու»:
«Ինձ թվում է՝ մենք սխալ կողմից ենք գալիս։ Այն, ինչը ՌԴ-ն մեր տարածաշրջանում Հայաստանի առումով կորցնում է, դա Ռուսաստանի քայլերի պատճառով է և Ռուսաստանի՝ մեզ տարածաշրջանում մենակ թողնելու և տարածաշրջանից հեռանալու պատճառով է»,- նշեց նա՝ ընդգծելով՝ սխալ է Հայաստանին մեղադրել նրանում, որ փորձում է իր անվտանգությունն ու գոյությունն ապահովել:
Ինչ վերաբերում է նրան, թե ԵՄ-ն ի՞նչ անվտանգություն է Հայաստանին տալիս, ԱԺ նախագահն ասաց. «Այն, որ ՀՀ-ն այսօր ժողովրդավարական երկիր է, ամենաբարձր անվտանգային բարձիկներից մեկն է: Այն, որ այսօր ՀՀ սահմանին գտնվում է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, ակնհայտ է, որ մեր սահմանների անվտանգության մասով մեծ դեր է խաղում»:
Եկեք մի հատ համեմատեք 2024 թվականի լարվածությունը սահմանին և նույնիսկ մինչև 2018 թվականի լարվածությունը: Մի բան էլ ասեմ. մի բան է հարձակում գործել ՀԱՊԿ-ի անդամ երկրի վրա, և մի բան է՝ հարձակում գործել ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած, ԵՄ ժողովրդավարության արժեքները կիսող և բարձր ժողովրդավարության մակարդակ ունեցող երկրի վրա: Դրանք տարբեր իրականություններ են»,- հայտարարեց Աժ նախագահը:
Նրա խոսքով՝ ոչ մի բան միանշանակ չէ, բայց դա չի նշանակում, որ մենք բոլոր հնարավոր քայլերը չպետք է անենք:
«Միանշանակ, կարելի է յուրաքանչյուր երկրի վրա հարձակվել, և դրա օրինակները շատ են, բայց այն, ինչ որ մենք անում ենք, ասել՝ դե եկեք դա չանենք, որովհետև դեպքը եղել է, որ հարձակվել են։ Եկեք բանակ էլ չունենանք, մեծ հաշվով, Թուրքիայի և Ադրբեջանի պես երկու մեգա երկրի դեմ կռիվ անելը քանակով էլ չենք կարող, բայց դա չի նշանակում, որ մենք բանակ պետք է չունենանք»,- խոսքը եզրափակեց նա:











