Դասագրքերի նոր մրցույթի արդյունքում ունենք ավելի քան 40 տոկոս միջոցների խնայողություն. Ժաննա Անդրեասյան

ԼԼիլիթ Ասատրյան

Դասագրքերի գործընթացը չի ձախողվել: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին՝ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Մենք այսօր ունենք իրավիճակ, երբ դասագրքերի նոր մրցույթի արդյունքում ունենք ավելի քան 40 տոկոս միջոցների խնայողություն, որը մեզ բերում է այն հարցադրումներին, որ տարիներ շարունակ ինչ գնով ենք մենք այդ դասագրքերը ձեռք բերել, և ինչ միլիոններ են արժեցել դրանք պետության վրա, երբ որ այդ ամենը կարող էինք ունենալ բոլորովին ուրիշ պայմաններով և ընթացակարգերով»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ ինքը եղել է բոլոր տպարաններում: «Տպարանների ներկայացուցիչներն ինձ ասում էին, որ տարիներ շարունակ այդ մրցույթներին մոտ չէին եկել, որովհետև գիտեին, որ անիմաստ է և անօգուտ. յուրաքանչյուրն ուներ իր բաժինը մասնակցում էր և ստանում այն»,- ասաց նա:

Խոսելով դասագրքերի բովանդակության մասին՝ Ժաննա Անդրեասյանը խորհուրդ տվեց ծանոթանալ դրան: «Մենք այնպես չէ, որ ունենք հավակնություն հենց միանգամից իդեալական դասագիրք ունենալու, և գտնում ենք, որ դա երկար ճանապարհ է: Տարիներ շարունակ մեր երկրում նոր գրքեր չեն գրվել: Բայց մի բան ակնհայտ է, որ արդեն իսկ առաջին փորձերը տալիս են այն հիմքերը, որ մենք կունենանք որակյալ դասագրքեր, նույնիսկ եթե պետք է գնանք ևս մեկ փուլ  լրամշակումների և այդ անհրաժեշտ բարելավումներն անելու ճանապարհով»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով կամավոր ատեստավորմանը՝ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս պահին ունենք 1562 ուսուցիչ, որոնք բարձրացված վարձատրություն են ստանում հավելավճարով: «Մենք ունենք շուրջ 6600 դիմում նոր փուլի մասնակցության համար, որը կսկսվի սեպտեմբերի 23-ից: Ինչ վերաբերում է 400 հազար և ավելի ստացող ուսուցիչներին, որովհետև ունենք նույնիսկ 533 հազար դրամ վարձատրություն ստացող ուսուցիչ, ապա նրանք մի քանի տասնյակ են: Այդ տեղեկատվությունը մեր կայքում մանրամասն հրապարակված է»,- ասաց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում