ԼԼուսինե Մուրադյան

Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն տեսակցել Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին

Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն տեսակցել Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին: Այս մասին «1lurer.am»-ին ասաց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին իրենց լիազորությունների շրջանակում երկխոսության միջոցով համապատասխան քայլեր են ձեռնարկվում խնդրի առնչությամբ որոշակի առաջընթաց ապահովելու համար:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ձերբակալված Վագիֆ Խաչատրյանին, Զառա Ամատունին տեղեկացրեց, որ ԿԽՄԿ պատվիրակները, այդ թվում՝ 1 բժիշկ, Բաքվում նրան այցելել են հենց ձերբակալության օրը՝ հուլիսի 29-ի երեկոյան, ստուգել նրա առողջական վիճակը, ծանոթացել պահման պայմաններին: 

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետում առևանգել էր ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող 68-ամյա բուժառու Վագիֆ Խաչատրյանին։ Բաքվում նրան շինծու մեղադրանքներ էին առաջադրել՝ հայտարարելով, թե Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների է մասնակցել»։

ԼՂ-ից առևանգված մյուս բնակչին՝ Ռաշիդ Բեգլարյանին ձերբակալելու մասին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնել էր օգոստոսի 1-ին՝ նշելով, թե նրան ձերբակալել են Աղավնո գյուղի հատվածում սահմանը խախտելու պահին։

ԼՂ ԱԱԾ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Ռաշիդ Բեգլարյանը մոլորվել ու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում է հայտնվել ոգելից խմիչքի ազդեցության տակ, իսկ ԼՂ դատախազությունը հայտարարել էր, որ Ռաշիդ Բեգլարյանն ադրբեջանցիների կողմից բռնության է ենթարկվել ու առևանգվել Լեռնային Ղարաբաղից Հայաստան գնալու ճանապարհին։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում