Պարեկային ծառայությունը երկու տարեկան է

ՄՄայա Խաչատրյան

Պարեկային ծառայությունը երկու տարեկան է: Մեր երկրում համակարգը սկսեց գործել 2021-ի հուլիսի 7-ից: Ծառայության պատասխանատուները հավաստիացնում են, որ աներկբա պայքարելու են անօրինականությունների դեմ, իսկ աշնանը կամփոփվի պարեկային ծառայության գործարկմանը հաջորդած ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը:

Հարություն Գրիգորյան (ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ) - Օրենքը հստակ է, և պահանջը մեկն է, որ տրանսպորտային միջոցը պետք է համապատասխանի սահմանված կարգին:

Սահմանված կարգին չհամապատասխանող՝ ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման դեպքերով 1 ամսում կազմվել է 8 623 արձանագրություն, 4 504-ը՝ Երևանում:

Վահրամ Սարդարյան (ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ) - Լուսաթափանցելիությունը ցույց է տալիս 70.5 տոկոս, 27.5 տոկոս մգեցվածություն, ինչն օրենքով թույլատրելի է:

ԵԱՏՄ կարգավորումը, ըստ որի մեքենայի առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %, կիրառվում է հունիսի 1-ից: Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ, կապիտան Հարություն Գրիգորյանն ընդգծում է՝ իրենց դիտարկումները ցույց են տվել, որ վարորդների մեծ մասը հետևում է օրենքի պահանջին:

Հարություն Գրիգորյան - Իրազեկումը տվեց արդյունքը, գրեթե նվազագույնի են հասցվել իրավախախտման դեպքերը, որ հայտնաբերում ենք, համեմատած մինչև հուլիսի 1-ի իրավիճակը:

Պարեկները մարզերում արձանագրել են 4 119 իրավախախտում: Մեկ ամսում ամենաշատ՝ 964 դեպք արձանագրվել է Գեղարքունիքի, ամենաքիչը Տավուշի մարզում, որտեղ կազմվել է 393 արձանագրություն: Իրավապահներն ընդգծում են՝ կարգավորումը լուծում է կարևոր խնդիր նախ ապահովելով վարորդի ու հետիոտնի անվտանգությունը:

Հարգելի հետիոտներ, արագացրեք, ...ուշադիր եղեք:

Վարորդներից շատերը դժգոհում են, թե մգեցված ապակիները արևից պաշտպանող միջոց են, այդ պատճառով չեն ցանկանում հեռացնել թաղանթապատումը, բայց իրավապահները հիշեցնում են՝ տրանսպորտային միջոցը վարում են նաև գիշերային ժամերին, և թաղանթապատված, մգեցված ապակիները մեծ խոչընդոտ են վարորդների համար։

Հարություն Գրիգորյան - Լինում է, որ փողոցային լուսավորությունը, բացի փողոցայինից, բացակայում է, կան նաև անբարենպաստ պայմաններ՝ անձրև, ձյունաթափ, որ խոչընդոտում են աջ կամ ձախ շրջադարձի, վերադասավորման, հետադարձ կատարելիս, տեսանելիություն չունեն: Հանդիպել են վրաերթի ծանր դեպքեր, որոնք եղել են տեսանելիության պատճառով: Վարորդներն իրենք են հայտնել, թե՝ տեսանելիություն չունեի, չնկատեցի, իսկ պատճառը եղել է նշածս պատճառներից մեկը:

Վազգեն Մարուքյան - «Զավացկոյ» տենց ապակիներով, իրա նորմայով, ոչ մի բան չեմ փոխել, հետևը՝ մուգը, դեմը՝ բաց:  Գիշերվա համար համաձայն եմ, բայց ցերեկվա համար սխալ ա, կարելի է էսքանը մգեցնել, հայելիները բացել ու վերջ:

Պարեկները հիշեցնում են՝ ոչ միայն մգեցված, այլև մեքենայի առջևի կողային՝ վարագուրապատ ապակիներով մեքենան վարելու արգելքը: Տուգանքը կրկին 25 հազար դրամ է:

Հարություն Գրիգորյան - Հաճախ վարորդներ կան, որ թյուրիմասցության մեջ են՝ մտածելով, որ վարագույրը պետք է լինի կտորից: Կարող ենք Աճառյանի բառարանով նայել, որ նշված չէ, որ միայն կտորից է, այլ որևէ պարագա, որը կծածկի արտաքին միջավայրից, դա վարագույր է: Վարորդներ կան, որ ցանցապատ իրեր են փակցնում, կարծում, թե վարագույր չէ, դա խախտում է:

Պարեկային ծառայության ավագ տեսուչի խոսքով՝ թե նոր կարգի կիրառման շնորհիվ որքան են նվազել ՃՏՊ-ները, վիճակագրությունը հստակ կլինի աշնանը: Մինչև այդ, պարեկային ծառայության ներդրման օրը՝ հուլիսի 7-ին, Հարություն Գրիգորյանը վստահեցնում է՝ երկրում օրինականության ապահովման համար ջանք չեն խնայելու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում