Երևանի անձնագրային ծառայություններում քաղաքացիների սպասարկումը կլինի էլեկտրոնային հերթագրումով

ԼԼիլիթ Ասատրյան

Երևանի Արաբկիրի և Մաշտոցի անձնագրային ծառայություններում քաղաքացիների սպասարկումը հուլիսի 3-ից կլինի էլեկտրոնային հերթագրումով: Հերթագրվել արդեն հնարավոր է:

Ծրագիրն ավելի վաղ ներդրվել է Դավթաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների անձնագրային ծառայություններում:

Նելլի Դավթյան (ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու) - Մեկ-երկու շաբաթ պարբերականությամբ Երևանի բոլոր անձնագրային ծառայությունները կսկսեն աշխատել էլեկտրոնային հերթագրման ռեժիմով:

Քանաքեռ-Զեյթունի անձնագրային ծառայությունում մեր այցելության պահին այս սեզոնին բնորոշ մեծ հերթերը չկային: Այցելուների մի մասը նախօրոք ամրագրած ժամին էր եկել, մյուսներն էլ, տեղեկանալով, որ պետք էր էլեկտրոնային եղանակով հերթագրվել, փորձում էին դա անել տեղում:

Արուս Վալեսյանն էլ մեկ շաբաթ առաջ անակնկալի էր եկել, երբ անձնագրային ծառայությունում պարզել էր, որ սպասարկումն արդեն էլեկտրոնային հերթագրումով է ու այդ օրը գործը չի ավարտելու: Անմիջապես փորձել է հերթագրվել: Չի ստացվել:

Արուս Վալեսյան - Հասա մեյլին՝ էդտեղ հիշողությունս կաղեց, չկարողացա: Մի քիչ ըմբոստացա, ճիշտն ասած, ինչու պետք է գնամ, հետ գամ, բայց ես որ ճիշտն ասեմ՝ ինչ օրենք որ ընդունվում է, սկզբից էսպես դառնությամբ է դիմավորվում, հետո դառնում է սովորական: Այսինքն՝ էն հերթերը, որ գոյացած էստեղ կար (ես էլի եմ եղել), էդ հերթերը չկան, ինչը որ լավ է:

Մեր այցելության ժամանակ հերթագրվածները կկարողանան սպասարկվել հուլիսի 12-ին: Մինչև այդ բոլոր օրերն ու ժամերը զբաղված են: Շատերին սա զայրացնում էր՝ մանավանդ եթե գործը թողել են վերջին պահին. նախընտրում էին ժամեր տևող հերթը: Նման դեպքերում դիմում են մյուս անձնագրային բաժանմունքներ, որտեղ էլեկտրոնային հերթագրումը դեռ պարտադիր չէ՝ ի դեպ, այստեղ էլ որոշակիորեն մեծացնելով ծանրաբեռնվածությունը:

Վահե Սաֆարյան - Եկել եմ, կտրոն եմ վերցրել, մոտ 6 ժամ, փաստորեն: 3-ն անց կես է, վեց ժամից հերթս հասել է, եթե նախօրոք կարողանանք հերթագրվենք, էլ չգանք անիմաստ սպասենք: Ինձ թվում է՝ ավելի լավ է՝ էլեկտրոնային հերթագրումը արդեն այդ եղանակով աշխատող ծառայություններում պարտադիր է բոլորի համար: Իհարկե, բացառություններ արվում են: Օրինակ՝ տեխնիկական հնարավորություններ չունեցող ծերերի, առողջական լուրջ խնդիրներով անձանց համար:

Նելլի Դավթյան - Կենդանի հերթ սպասարկող պատուհան չի լինելու, ռեսուրսները թույլ չեն տալիս, և փորձն էլ ցույց տվեց, որ դա անարդյունավետ է, բայց որպես այլընտրանք՝ կա հետևյալ լուծումը: Միայն հաշվառման հետ կապ ունեցող գործողություններն են, որ պարտադրում են քաղաքացուն մոտենալ իր հաշվառման հասցեում գտնվող անձնագրային ծառայություն, և անչափահասի առաջին անձնագրավորումը: Մնացած ծառայությունների պարագայում քաղաքացին ազատ է ընտրելու այն անձնագրային ծառայությունը, որը ցանկանում է:

Արձակուրդի այս սեզոնին ցամաքային ճանապարհով սահմանը հատող քաղաքացիները օտարերկրյա պետություններում անձնագրի վավերացման գործարքը հաճախ անում են ճանապարհին հանդիպող բազմաթիվ անձնագրային ծառայություններից մեկում, որտեղ հերթեր չկան, էլեկտրոնային հերթագրում նույնպես:

Կենդանի հերթ սպասարկող պատուհան չի լինելու, ռեսուրսները թույլ չեն տալիս, և փորձն էլ անձնագրային ծառայությունը այնպիսի ծառայություն է, որը հնարավոր է պլանավորել նախապես: Շատ հրատապ դրա անհրաժեշտությունը առաջանում է հազվադեպ:

Նելլի Դավթյանի խոսքով՝ հերթերը հաճախ մեծանում են նաև այն պատճառով, որ ուսումնական տարվան ընդառաջ շատ դպրոցների տնօրեններ երեխաներին ընդունելու համար պահանջում են Հանրային ծառայությունների համարանիշի կամ հաշվառման հասցեի մասին տեղեկանք: Այնինչ դրանց կարիքն այլևս չկա:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում