ԼԼուսինե Մուրադյան

Նուբարաշենում կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր աղբավայր

Նուբարաշենում կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր աղբավայր

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունն առանձնացրել է հունիսի 12-ի գործակարգավարական նիստի շրջանակում քննարկված հարցերը, որոնք ներկայացնում ենք ստորև:

 
***
Տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրով հունիսի 11-ին Գայի պողոտայում շահագործման հանձնվեց ավտոբուսի համար առանձնացված հերթական գիծը: Փոփոխությունն իրականացվել է հաշվի առնելով պողոտան սպասարկող հասարակական տրանսպորտի երթուղիների քանակն ու օրվա ծանրաբեռնված ժամերին տրանսպորտի երթևեկության խտությունը: Գայի պողոտայի առաջին երթևեկելի գոտիով այսուհետ կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին: Փոփոխության վերահսկումը կիրականացվի տեսալուսանկարահանող սարքերով, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության:
 

***

Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն մուտքագրված՝ ուշացած, ժամկետանց 5163 գրությունից շուրջ 70 %-ն արդեն փակվել է: Այդ թվում՝ ինքնակամների առումով դրական եզրակացություն է ստացել շուրջ 400 գործ, որոնց վերաբերյալ պատրաստվել են քաղաքապետի որոշման նախագծեր: Զեկուցվել է, որ միայն նախորդ շաբաթվա ընթացքում փակվել կամ պատասխան է տրամադրվել 1337 գործի, կազմվել է քաղաքապետի 126 որոշման նախագիծ, մինչդեռ այս տարվա հունվար-ապրիլ ամիսների ընթացքում կազմվել էր ընդամենը 40 որոշման նախագիծ:
 

***

Համայնքային միջոցներով գնված նոր ու ժամանակակից 15 տրոլեյբուսների ամբողջական խմբաքանակն արդեն Երևանում է: Առաջիկայում դրանք ևս կսկսեն սպասարկել քաղաքի բնակիչներին:
 

***

Ամիրյան փողոցում ավարտական փուլում է օդային մալուխները գետնի տակ տեղափոխելու գործընթացը: Ծրագիրն իրականացվում է նաև Աճառյան փողոցում: Նախագծով «Երքաղլույսի» հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի:
 
***

Համայնքը խզել է մայրաքաղաքի Էրեբունի ու Նուբարաշեն և Շենգավիթ ու Աջափնյակ վարչական շրջաններում փոսալցում իրականացնող կապալառու կազմակերպության հետ պայմանագիրը: Դժգոհություն հայտնելով աշխատանքների ընթացքից՝ Տիգրան Ավինյանը հանձնարարել է գործընթացը կազմակերպել այնպես, որ խնդիրը հրատապ լուծում ստանա:

 

***
Երևանյան կարևոր նախագծերն ու ծրագրերն «Ակտիվ քաղաքացի» հարթակում կդրվեն հանրային քննարկման: Հանձնարարվել է մասնավոր հատվածից ստացված առաջարկները ևս տեղադրել հարթակում, որ բնակիչներն այդ ծրագրերը ևս քվեարկելու հնարավորություն ունենան:

 

***
Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 29 հա տարածքում կնախագծվի ու կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր աղբավայր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում