Թունիսում ապրող 119-ամյա ամենատարեց մարդը. «Այլ լուրեր»

ՄՄարո Թարվերդյան

ԳԵՐՄԱՆԻԱ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՓԱՌԱՏՈՆ ԲԵՌԼԻՆՈՒՄ

Երեք տարվա ընդմիջումից հետո Գերմանիայի մայրաքաղաքում դարձյալ անցկացվել է Բեռլինի մշակույթի փառատոնը: Առաջին անգամ այն նշել են 1996 թվականին: Սա եռօրյա միջոցառում է, որի նպատակն է ներկայացնել Բեռլինի բնակիչների տարբեր մշակույթները:

Այդ օրերին Գերմանիայի մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ ներկայացնում են իրենց սիրելի բնակավայրի մշակութային բազմազանությունն ու հարստությունը: Գեղարվեստական արտահայտչամիջոցների պակաս չկա: Պատահում է, որ մարդիկ ստեղծագործական մոտեցում են ցուցաբերում նույնիսկ ամենաբարդ սոցիալ-քաղաքական հարցերին:

Բելլա (Բեռլինի մշակույթի փառատոնի մասնակից) - Առաջին հերթին ես այստեղ եմ, որպեսզի աջակցեմ հորս և Անգոլայից նրա հայրենակիցներին, որոնք այստեղ ներկայացնում են իմ մշակույթը: Նաև ցանկանում եմ շրջել և ուրիշներին տեսնել, ծանոթանալ նրանց մշակույթի հետ, լավ ժամանակ անցկացնել:

Մինչև կորոնավիրուսը Բեռլինի մշակութային փառատոնի շրջանակում տարեկան մեկ միլիոն մարդ է մասնակցել շքերթին: Դրա նպատակն է հարթակ տրամադրել համայնքներին՝ ներկայացնելու իրենց մշակութային արմատները՝ պարի, երաժշտության կամ արտահայտման այլ ձևերի միջոցով:

ՀՈՆԿՈՆԳ

ՀՈՆԿՈՆԳԻ ԲՈՒԼԿԻԻ ՓԱՌԱՏՈՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

Կորոնավիրուսի պատճառով եռամյա ընդմիջումից հետո ամբողջ թափով վերադարձել է Հոնկոնգի հայտնի Բուլկիի փառատոնը: Տեղացիները մեծ խանդավառությամբ վազել են դեպի աշտարակը՝ անուշահամ սպիտակ ու կարմիր աղանդերից հավաքելու նպատակով:

Իսկ կեսգիշերին միջոցառման 12 խիզախ մասնակիցները բարձրացել են բուլկիներից պատրաստված 60 ոտնաչափ աշտարակի վրա: Այն մարդու ընտանիքը, որին կհաջողվի բուլկին վերցնել աշտարակի գագաթից, հաջողակ կլինի ամբողջ տարին:

Տասնյակ հազարավոր հոնկոնգցիներ և զբոսաշրջիկներ հավաքվում են Չյուն Չաու փոքրիկ կղզում՝ ականատես լինելու «լողացող գույների» շքերթին: Դրան մասնակցում են, այսպես կոչված, «լողացող» երեխաներ՝ հագնված աստվածների և աստվածուհիների կերպարանքով: Նրանց ուղեկցում են ավանդական երաժշտությունն ու առյուծների պարը, երբ քայլում են կղզու փողոցներով:

Չեուն Չաու (փառատոնի մասնակից) - Ես ինձ շատ երջանիկ եմ զգում, քանի որ երեք տարվա ընդմիջումից հետո փառատոնը դարձյալ անցկացվում է: Բոլորն այնքան ուրախ և ոգևորված են, որ ամեն ինչ նորից վերադարձել է իր բնականոն հուն:

Հոնկոնգում Բուլկիի փառատոնը տևում է 7 օր: Այն համընկնում է Բուդդայի ծննդյան տարեդարձի առիթով անցկացվող տեղական տոնակատարությունների հետ:

ՍԻՐԻԱ

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԿԱՆԽՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԹԱԼԱՆԸ 

Հուսալով վերջ դնել տեղական արհեստների թալանին և մաքսանենգությանը՝ Սիրիայի Արհեստավորների սինդիկատը սկսում է փաստաթղթերի և արխիվային գործընթաց՝ բոլոր եզակի ձեռագործ իրերի սեփականությունը պահպանելու համար:

Որպես այս նոր նախաձեռնության մաս, ձեռագործ աշխատանքներ ստեղծող ամեն մի արհեստավոր կստանա յուրաքանչյուր կտորի համար տրված սեփականության վկայական, որը կներառի դիզայնի մանրամասները և ստեղծման ամսաթիվը:

Լուայ Շակո (Dumar Heritage Incubator-ի տնօրեն) - Որքան հնանում է այս կամ այն արվեստի գործը, այնքան ավելի արժեքավոր է դառնում: Սեփականության վկայականը թույլ է տալիս նմուշները ցուցադրել միջազգային աճուրդներում և ցուցահանդեսներում, բացի այդ, ավելի է բարձրացնում արհեստավորի դերը:

Այս որոշումից հետո սիրիացի արհեստավոր Մոհամադ Ալ-Կոջոկը, մաքրելով իր վերջին ստեղծագործությունը, որի վրա նա օգտագործել է այուբի և իսլամական դիզայնի նախշեր, մտադրված է այսուհետև ավելի շատ աշխատել ու մեծաթիվ արվեստի գործեր ստեղծել:

Սեփականության իրավունք ստանալու համար կիրառվում են մի քանի կանոններ՝ յուրահատկություն, ձեռագործ ձևավորում և որոշակի տեխնիկայի ու նյութերի օգտագործում:

Սիրիական արհեստավորների սինդիկատը հայտարարել է, որ սկսել է վավերագրել նոր նմուշներ, իսկ սիրիական թանգարանների տնօրինությունը զբաղվում է ավելի հին արտեֆակտներով:

Սիրիայում տասներկու տարվա պատերազմի ընթացքում թալանի և արտեֆակտների ապօրինի առևտրի հազարավոր դեպքեր են գրանցվել՝ երկրի մշակութային ժառանգությունը թողնելով անհայտ:

ՊԱՂԵՍՏԻՆ

ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԽՈՀԱՐԱՐՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՎԵՐԺԱՑՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՈՒՏԵՍՏՆԵՐԸ

Կանադացի հայտնի խոհարար Սյուզան Հուսեյնիի համար առաջին խոհարարական շրջագայությունը պաղեստինյան տարածքներով հնարավորություն էր պահպանել և գովազդել իր հայրենի երկրի ուտեստներն ու բժշկական ժողովրդական միջոցները:  

Հորդանան գետի Արևմտյան ափ, Երուսաղեմ, Գազայի հատված. այս վայրերում Հուսեյնին շրջել է ֆերմայից ֆերմա, հետո այլ բարձրակարգ խոհարար հյուրերի հետ մասնակցել ճաշկերույթների: Հյուրերը հնարավորություն են ստացել ծանոթանալու պաղեստինյան խոհանոցի հետ՝ մի պահ մոռանալով այդ երկրից ստացվող միայն հակամարտության մասին պատմող լուրերի մասին:

Սյուզան Հուսեյնիի ընտանիքը սերում է Հորդանան գետի Արևմտյան ափի Նաբլուս քաղաքի մոտ գնտվող բնակավայրից:

Սյուզան Հուսեյնի (խոհարար) - Նախ շատ ուրախ եմ Գազայում գտնվելու համար, իմ կյանքի երազանքն էր վերադառնալ Պաղեստին:  Ընտանիքս լքել է երկիրը 1967 թվականին և ներգաղթել Կանադա:  Երիտասարդությունս ապրել եմ Պաղեստինի և նրա քաղաքների մասին գիտելիքներով և ընտանիքիս անդամների պատմածները լսելով:

Խոհարարը վերադարձել է տուն՝ ուսումնասիրելու պաղեստինյան խոհանոցը և փաստագրելու ու վերամիավորվելու իր հողի և ֆերմայի հետ: Սյուզանը խոստովանել է, որ սնունդն իր լեզուն է:

Շրջագայությունը հովանավորել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը՝ նպատակ ունենալով ընդլայնել պաղեստինյան խոհանոցի միջազգային գրավչությունը:

ՆԵՊԱԼ

ՆԵՊԱԼՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ԷՎԵՐԵՍՏՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՎԱՃԵԼՈՒ 70-ԱՄՅԱԿԸ

Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում հազարավոր մարդիկ են մասնակցել 1953 թվականին առաջին անգամ աշխարհի ամենաբարձր՝ Էվերեստ կամ Ջոմոլունգմա լեռը բարձրանալու 70-ամյակը:

8848 մետր բարձրությամբ Էվերեստն առաջին անգամ նվաճել են նորզելանդացի լեռնագնաց Էդմունդ Հիլարին և նեպալցի լեռնագնաց Շերպա Թենզինգ Նորգայը: Նրանց վերադարձի ժամանակ ընդունել են ինչպես հերոսների:

Հիլարին ծնվել է Օքլենդում՝ 1919 թվականին և մինչև 33 տարեկան հասակը նրա կյանքում արտասովոր ոչինչ տեղի չի ունեցել մինչև որ բարձրացել է Ջոմոլունգման: Շերպա Թենզինգ Նորգայը ընտրվել է որպես նրա մագլցման գործընկեր։

Լեռը բարձրանալու լուրը լայնորեն լուսաբանվել է ամբողջ աշխարհում, ընդ որում, այն համընկել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհու թագադրման օրվա հետ: Հիլարին ասպետի կոչում է ստացել դեռևս Էվերեստից իջնելուց առաջ:

Էվերեստը Նեպալի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկն է, որը գրավում է լեռնագնացների ամբողջ աշխարհից, սակայն սեզոնի ընդհանուր զոհերի թիվն այս տարի հասել է 12-ի, առնվազն երեք այլ լեռնագնաց կորել է կամ կապի մեջ չէ:

ԹԱՅՎԱՆ

ԻԶՈՊՈԴՆ՝ ԱՐԻՇՏԱՅՈՎ. ԹԱՅԲԵՅԻ ՌԵՍՏՈՐԱՆԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՆՈՐՈՒՅԹԸ

Տասնչորսոտանի հսկա իզոպոդը Թայբեյի ռեստորաններից մեկում նոր ճաշատեսակ է: Մարդիկ այստեղ բավականին երկար հերթ են կագնում՝ անուշահամ կերակուրը ճաշակելու համար:

Ռեստորանի 37-ամյա սեփականատեր Պարոն Հուն վստահեցրել է, որ իզոպոդը շատ գեղեցիկ տեսք ունի, անչափ գրավիչ է:

Ինչ վերաբերում է պատրաստման եղանակին, ապա նախընտրում են այն շոգեխաշել, որպեսզի մշակման հետ կապված դժվարություններ չլինեն:

Ծովի խոր ջրերում ապրող իզոպոդին կամ հավասարաոտերին, որը խեցգետնանման կենդանի է, 10 րոպե շոգեխաշում են, հետո մատուցում նախապես պատրաստված արիշտայի հետ: Ուտեստի մեկ բաժնի արժեքը 48 դոլար է: Ռեստորանի հաճախորդների հավաստմամբ, իզոպոդի համը խեցգետնի համ է հիշեցնում:

Դիգել Հուանգ (ռեստորանի հաճախորդ) – Ինձ համար մեծ պատիվ է փորձել այս ճաշատեսակից: Չնայած, որ որոշ մեկնաբանությունների եմ հանդիպել համացանցում, թե հարկավոր է զերծ մնալ այն փորձելուց, կարծում եմ, որ սարսափելի ոչինչ չկա, կարելի է և  ճաշակել, ինչու՝ ոչ: Սա ուղղակի հատուկ ճաշացանկ է, միշտ չենք հանդիպի, քանի որ այս իզոպոդներին հատուկ չեն որսացել, դրանք պատահական են բռնվել, ուստի քանի նման հնարավորություն կա, պետք է փորձել:

Այս իզոպոդներին, ամենայն հավանականությամբ, բռնել են Հարավչինական ծովի Դոնշա կղզիների մոտ, 300-500 մետր խորությամբ ջրերում:

ԻՐԱՔ

ԻՐԱՔՑԻ ՆԿԱՐԻՉԸ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ Է ԱՊԱԿՈՒ ՎՐԱ

Իրաքի կառավարության աշխատակցուհին օգտագործում է արվեստի բնագավառում իր հմտությունները՝ ապակե իրերի վրա նկարելու համար: Նա Բասրայում մի փոքրիկ արվեստանոց ունի: Կնոջ համար սա ոչ միայն հոբբի է, այլև եկամտի լուրջ աղբյուր:

Հեբա Ֆավզի (նկարչուհի)  - Սա այն գործն է, որն ինձ իսկապես դուր է գալիս: Ամեն անգամ, երբ սթրեսի մեջ եմ լինում, միանգամից սկսում եմ նկարել, և անցնում է: Այժմ շատ պատվերներ եմ ստանում:

Հեբան մոտ 4 տարի առաջ է սկսել այս գործով զբաղվել: Սկզբում իր աշխատանքները նվիրել է ընտանիքի անդամներին, ընկերներին, հետո հասկացել է, որ կարելի է դրանք վաճառել ու գումար վաստակել: Այժմ իր գործերն իրացնում է սոցիալական հարթակների օգնությամբ:

Մասնակցելով բազմաթիվ ցուցահանդեսների՝ երկու երեխաների իրաքցի մայրը սիրում է արտացոլել հայրենի երկրի մշակութային ժառանգությունն իր արվեստի գործերում:

ԹՈՒՆԻՍ

ԹՈՒՆԻՍՈՒՄ ԱՊՐՈՂ 119-ԱՄՅԱ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ՄԱՐԴԸ

Թունիսի ֆրանսիական գաղութացման ժամանակներից տխուր հիշողություններով ապրող Հուսեյն Ալ-Միսաուին վերջերս տոնել է իր 119-ամյակը, ինչը նրան դարձրել է Թունիսի ամենատարեց ապրող մարդը՝ համաձայն իր ծննդյան վկայականի և ազգային վկայականի:

Ալ-Միսաուին, որը վերապրել է համաշխարհային երկու պատերազմները, իր կյանքն անցկացրել է լեռներում՝ գոյատևելով խոտերի վրա: Նա անողոք հետապնդում էր գաղութատերերին՝ նրանց դուրս քշելով Թունիսի արևելյան Կասերինի նահանգից մինչև 1961 թվականին Բիզերտեում տարհանման ճակատամարտը, որով վերջ է դրվել երկրում ֆրանսիացի գաղութարարների հենակետերին:

Ալի ալ-Միսաուի (Թունիսի ամենատարեց ապրող մարդու 83-ամյա կրտսեր եղբայրը) – Եղբայրս մասնակցել է Թունիսի ազատագրմանը: Միայն Թունիսի անկախության ձեռքբերումից հետո է նա ակտիվորեն փնտրել մեզ, ի վերջո գտել է, ու մենք կարողացել ենք ճանաչել միմյանց:

Ամենատարեց մարդուն պարբերաբար զննում է տեղի ծերանոցներից մեկի բժիշկը: Նա Հուսեյն պապի 8 տարվա լավագույն ընկերն է: Բժշկի հավաստմամբ, 119-ամյա ծերունին իր տարիքի համար գերազանց առողջություն ունի, որևէ քրոնիկ հիվանդությամբ չի տառապում, պարզապես երբեմն հոդացավեր է ունենում:

Չնայած աղքատությանը և ավերված տանը ապրելուն, 119-ամյա տղամարդը շրջապատված է իր ընտանիքի ջերմությամբ: Ինը երեխա և 40 թոռ ունի. Բոլորը ողջ են: Հարազատներն ու հարևանները պարբերաբար այցելում են նրան՝ լսելու նրա հերոսության մասին պատմություններն ու բարի խորհուրդները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում