Մհեր Սահակյանը մոտեցավ ինձ, հարձակվեց վրաս և դիմեց փախուստի. Վլադիմիր Վարդանյանը՝ միջադեպի մասին

ՄՄարո Թարվերդյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել:

Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, ինչի հետևանքով Վարդանյանը վնասվածք է ստացել, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը փախուստի է դիմել:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է, թե ինչպես է տեղի ունեցել միջադեպը: 

Վարդանյանի խոսքով՝ ինչ-որ մի պահի հանձնաժողովի նիստի քննարկման բնականոն ընթացքը խաթարվել է, և ինքը փորձել է բովանդակային քննարկման փուլ բերել պատգամավորներին: 

«Իմ իրավաչափ պահանջին պարոն Մհեր Սահակյանն ասաց. «Դուք չեք կարա մեր վրա ձայն  բարձրացնեք»: Ասացի՝ ես նիստը վարում եմ և շարունակում եմ վարել: Բա՝ չեք կարա, չեք կարա, մոտեցավ ինձ, հարձակվեց վրաս և դիմեց փախուստի: Ես քայլ դեպի Սահակյանը չեմ կատարել և չէի էլ կարող կատարել: Պարոն Սահակյանն ինքն է բարձրացել տեղից, մոտեցել ինձ և առանց որևէ բան ասելու հարվածել»,- ասել է Վարդանյանը: 

Պատգամավորի խոսքով՝ ինքն արարքին որևէ քրեաիրավական գնահատական չի տալու: 

Վարդանյանը նաև ընդգծել է՝ ինքը նախահարձակ չի եղել. «Նման բան տեղի չէր կարող ունենալ և ապագայում ևս չի  կարող տեղի ունենալ»:

«Սա խորհրդարան է, իսկ խորհրդարանում պատգամավորները պարտավոր են ոչ միայն հարգել պատգամավորներին, այլև այն անձանց, որոնք շնորհել են այդ մանդատը»,- նշել է Վարդանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում