ԳԳոհար Սարգսյան

Քննարկվել է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանեկան բռնության կանխարգելմանը

Քննարկվել է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանեկան բռնության կանխարգելմանը

Առաջարկվում է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել արդյունավետ գործիքակազմ ունենալուն: Գործող օրենքով նման դեպքերի կանխարգելման երկու եղանակ է սահմանված հիմնականում: Առաջինը վերաբերում է անհետաձգելի միջամտության որոշմանը, որն անմիջականորեն կայացվում է ոստիկանության համապատասխան ծառայողի կողմից: Երկրորդը՝ պաշտպանության մասին որոշումներն են, որոնք ենթակա են դատական կարգով կայացման: Այս մասին հայտնում են ԱԺ պաշտոնական կայքից:

Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ կան դեպքեր, որոնք կարող են դուրս մնալ համապատասխան մարմինների տեսադաշտից՝ հանգեցնելով բացասական տարբեր հետևանքների: Ուստի Կառավարությունն առաջարկում է վերոնշյալ երկու որոշումների կիրառումն ապահովել նաև էլեկտրոնային հսկողության միջոցների օգտագործմամբ:

Հիմնական զեկուցողի խոսքով ընտանիքում բռնությունից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված համապատասխան համակարգի կիրառման փորձ ունեն մի շարք երկրներ՝ Կանադան, ԱՄՆ-ն, Իսպանիան, Վրաստանը:

Փոխնախարարի կարծիքով հսկողության նոր համակարգի ներդնումը կարող է չափազանց արդյունավետ լինել ընտանիքում բռնության կանխարգելման և զոհերի պաշտպանության տեսանկյունից:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին և դիտարկումներին: Նշվել է, որ նախնական հաշվարկներով հատուկ հսկողության 200 ձեռնաշղթայի հավաքածուի ձեռքբերման համար կպահանջվի շուրջ 560 մլն դրամ:

Ըստ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ ողջունելի է, որ ընտանեկան բռնության մտահոգիչ աճին զուգահեռ իրականացվում են դրա կանխարգելմանն ուղղված քայլեր: Պատգամավորն անհրաժեշտ է համարել, որ պահպանվեն օրենքի այն նորմերը և կետերը, որոնք կապահովեն մարդու անձնական կյանքին չմիջամտելը: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև անձնական տվյալների պահպանության ու պաշտպանության հարցին:

Հարակից զեկուցող Մարինա Ղազարյանը, կարևորելով Կառավարության նախաձեռնությունը, անհրաժեշտ է համարել առաջինից երկրորդ ընթերցում հստակեցնել հանձնաժողովում բարձրացված հարցերը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքով ընտանեկան բռնությունների դեմ պայքարը և դրա կանխարգելումը պետք է լինի առաջնահերթություն: «Սա համալիր գործընթաց է, և տարբեր գործիքակազմերի կիրառմամբ մենք պետք է հասնենք ընտանեկան բռնությունների կանխարգելմանն ու բացառմանը»,- ընդգծել է պատգամավորը:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում առաջարկվող լրացումները քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 21-ի նիստում:

Առաջին ընթերցմամբ քննարկված հարցը ստացել է դրական եզրակացություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում