ԳԳոհար Սարգսյան

Վաղարշապատում կնոջ դեմքին ծծմբաթթու լցնելու փորձի համար մեղադրվող 3 անձանցից մեկի մասով գործն ուղարկվել է դատարան

Վաղարշապատում կնոջ դեմքին ծծմբաթթու լցնելու փորձի համար մեղադրվող 3 անձանցից մեկի մասով գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել են 32-ամյա տղամարդու կողմից Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակչուհու դեմքին ծծմբաթթու լցնելու փորձի դեպքի վերաբերյալ հանգամանքները:

Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա տղամարդը Վաղարշապատ քաղաքի 42-ամյա բնակչի պատվերով նույն քաղաքի 43-ամյա բնակչի կազմակերպմամբ, գումարի դիմաց ծծմբաթթու լցնելու եղանակով այլանդակել վերջինիս կնոջ՝ նույն քաղաքի 41-ամյա բնակչուհու դեմքը: Պատվերը կատարելու նպատակով 32-ամյա տղամարդը 2022 թ. հոկտեմբեր ամսին, նախապես իր հետ վերցնելով ծծմբական թթու լցրած ներարկիչը, մի քանի անգամ գնացել է 41-ամյա կնոջ բնակության վայր, հանցավոր արարքն իրագործել չի կարողացել՝ մի դեպքում կնոջ՝ տանը չլինելու պատճառով, իսկ մյուս դեպքում՝ քանի որ ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է նախապես լուծույթով լցված ներարկիչը:

Վարույթից՝ 41-ամյա բնակչուհու դեմքին ծծմբաթթու լցնելու փորձի վերաբերյալ անջատված մասով 32-ամյա տղամարդուն վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերով:

Միջնորդություն է հարուցվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան 32-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելու մասին, որը բավարարվել է:

Այդ մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Նախաքննության փուլում գտնվող քրեական վարույթի մյուս մասի շրջանակներում վարութային և ապացուցողական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

Վաղարշապատ քաղաքի 42-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել մերձավոր ազգական հանդիսացող կնոջը ծանր մարմնական վնասված հասցնելու փորձի կազմակերպման և միջնորդության համար, իսկ 43-ամյա բնակչին՝ այդ հանցավոր արարքի կատարումը պատվիրելու համար։ Նա մեղադրվում է նաև խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար։

Ընդ որում՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նշված երկու անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք մերժվել են, ինչից հետո 43-ամյա բնակիչը կատարել է առերևույթ ևս մեկ հանցավոր արարք։

Նշված քրեական վարույթին միացված այլ վարույթներով քննության առարկա են նաև մի քանի այլ հանցագործությունների՝  ավտոմեքենայի հրկիզման փորձ կատարելու, խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության և իրացման, Վաղարշապատի մթերային խանութներից մեկից մի քանի տուփ ծխախոտի հափշտակության դեպքեր։

Այս մասով նախաքննությունը շարունակվում է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում