Առավոտյան ձերբակալվել է առաջին անձը, որի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված. ՀՀ գլխավոր դատախազ

ԳԳոհար Սարգսյան

Այսօր առավոտյան ձերբակալվել է առաջին անձը, որի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է  հարուցված: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհին:

«Թույլ տվեք նախաքննության շահից ելնելով՝ չբացահայտել այն անձանց հաջորդականությունը, որոնց նկատմամբ այս գործողություններն իրականացվելու են»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ դատախազությունն ամենօրյա հսկողություն է իրականացնում գործընթացի նկատմամբ, քննության ավարտի կոնկրետ ժամկետներ կան:

«Բոլոր անձանց նկատմամբ խափանման միջոցի հարցերն են քննարկվելու: Դրա ուղղությամբ կան ստրատեգիական լուծումներ:

Համադրվում են կանոնադրությունները, կանոնագրքերը, բլանկետային նորմերը և քրեաիրավական նորմերը՝ հասկանալու, թե ով ինչ չի արել անվտանգության կանոններն ապահովելու տեսանկյունից:

Բացի դրանից՝ զինդատախազը հրաման է արձակել բոլոր կայազորների զինվորական դատախազներին ամենասեղմ ժամկետում տրամադրել տեղեկատվություն բոլոր զորանոցներում կենցաղավարման կանոնների, կեցավայրի պայմանների հետ կապված, օրինակ՝ ինչո՞վ են ապահովված ծածկերը, կա՞ արդյոք 2-րդ ելք, որպեսզի թակարդի էֆեկտ չստեղծվի, ինչպես որ այս ողբերգության ընթացքում ականատես եղանք:

Ձեր կողմից հրապարակված վարկածն այս պահին կենսունակն է: Մյուս բոլոր վարկածները ստուգվում և բացառման կարգով քննությունն իրականացվում է: Հիմնական վարկածը, որի շուրջ քննությունն իրականացվում է, և կարծես թե այս պահի դրությամբ ունենք ապացույցների անհրաժեշտ բազան, որով մեղադրանք ենք առաջադրում, Կառավարության նիստի ընթացքում հրապարակված վարկածն է»,- ասաց նա:

ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ավելացրեց.

«Բոլոր հարցաքննված վկաները վկայում են, որ ի սկզբանե առաջ քաշված՝ բենզինով վառարանը վառելու վարկածը հիմնավորվում է: 2 օր առաջ օրապահը, որն անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ևս ցուցմունք է տվել և հիմնավորել այդ վարկածը»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե այս պահին որ վարկածն է հիմնավորվում:

«Գործի տվյալներով հիմնավորվում է, որ վառարանի կրակը մարած է եղել, զինվորը բերել, փայտեր է լցրել մեջը, որից հետո սպան ասել է՝ մի բանով վառեք, որ կպնի: Զինվորն ասել է՝ մեջը մոխիր կա, ինքն իրեն կկպնի:

Սպան դիզվառելիք է ուզել վարորդներից, որից հետո որոշել է, որ բենզինն ավելի հարմար է: Վկան տեսել է սպայի հագուստը, տարան, տարածքը՝ բռնկված վիճակում»,- ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ քննությունը պետք է լինի ամբողջական, իրավապահները որևէ բանով կաշկանդված չեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում