Ինչպես դառնալ «Ինժեներական քաղաքի» ռեզիդենտ. դիմումների ընդունումը շարունակվում է

ԼԼիլիթ Ասատրյան

Շարունակվում է «Ինժեներական քաղաքի» ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու համար ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների դիմումների ընդունման գործընթացը։

Դառնալով «Ինժեներական քաղաքի» ռեզիդենտ՝ ընկերությունները հնարավորություն են ստանում սեփականության իրավունքով նվիրատվություն ստանալ 250 կամ 500 քմ հողատարածք՝ գրասենյակ կառուցելու համար:

Գևորգ Մանթաշյան (ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ) - Հողատարածքը տրամադրվում է անհատույց՝ շինարարության պայմանով, ռեզիդենտները իրենք իրենց ռեսուրսների, իրենց հաշվին կառուցում են նախապես պայմանավորված տիպերին համապատասխան, որպեսզի ընդհանուր մթնոլորտը՝ իր ճարտարապետական տեսքով, լուծումներով չտարբերվի մյուսից: Համարում ենք, որ այդ ստանդարտը շատ կարևոր է պահպանել, որպեսզի որոշակի հավասարություն լինի ու ավելի ներդաշնակ միջավայր:

Այս պահին արդեն 11 ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերություն ձեռք է բերել ռեզիդենտի կարգավիճակ, 10-ից ավելի տեղ դեռ կա:

Գևորգ Մանթաշյանն ասում է՝ ռեսուրսները անսահմանափակ չեն, սակայն ուզում են, որ մրցունակ կազմակերպություններ հայտնվեն այս տարածքում, որպեսզի ձեռքբերումները մեծ լինեն:

Գևորգ Մանթաշյան - Շատ կարևոր է, որ ինժեներության ժամանակ ունենան տարբեր սարքեր և սարքավորումներ, դրանք հիմնականում շատ թանկարժեք են, ու մի սարքը մի կազմակերպության համար առնել, որը դեռ զարգացման սկզբնական փուլում է կամ թեկուզ միջին փուլում, միշտ չէ, որ նպատակահարմար է, դրա համար ընդհանուր լաբորատորիա ունենալը, որ կարողանա սպասարկել բոլոր մասնակիցներին՝ ռեզիդենտներին, ավելի նպատակահարմար է, ու դա կարևոր օղակներից ու առավելություններից մեկն է:

«Ինժեներական քաղաքի» ռեզիդենտ դառնալու համար պետք է դիմել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Միջգերատեսչական հանձնաժողովը քննում է հայտերն ու ընտրում կազմակերպություններին:

Ստեփան Մարգարյան (Փոխվարչապետի գրասենյակի ծրագրերի կառավարման գրասենյակի տնօրեն) - Ծրագրի շրջանակներում կառուցվելու է բիզնես աքսելերատորի շենքը, որտեղ լինելու է ընդհանուր տարածք, աքսելերացիոն տարածք, ինկուբացիոն տարածք, լսարաններ, առանձնացված տարածքներ ռեզիդենտ ընկերությունների համար:

Ծրագրին կարող են դիմել նյութագիտության, էլեկտրոնիկայի, ռոբոտաշինության և նման այլ ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունները:

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում