ԳԳոհար Սարգսյան

Եվրոպացի գործընկերները Սասուն Խաչատրյանի հետ հանդիպմանը վստահություն են հայտնել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հաջողություններ կարձանագրի կոռուպցիայի դեմ պայքարում

Եվրոպացի գործընկերները Սասուն Խաչատրյանի հետ հանդիպմանը վստահություն են հայտնել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հաջողություններ կարձանագրի կոռուպցիայի դեմ պայքարում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պատվիրակությունը կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի գլխավորությամբ դեկտեմբերի 14-15-ը երկօրյա աշխատանքային այցով եղել է Ավստրիայի Հանրապետության մայրաքաղաք Վիեննայում: ԵԱՀԿ-ի աջակցությամբ և ֆինանսավորմամբ կազմակերպված աշխատանքային այցը միտված էր Ավստրիայի հակակոռուպցիոն մարմնի` Կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային բյուրոյի գործունեության և վերջինիս լավագույն փորձի ուսումնասիրությանը:

Վիեննայում հայկական պատվիրակությունը հանդիպել է Ավստրիայի կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային բյուրոյի տնօրեն Օտտո Քերբլի և կառույցի ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արմեն Պապիկյանը:

Հանդիպման ընթացքում Կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային բյուրոյի տնօրենը ներկայացրել է Ավստրիայի հակակոռուպցիոն մարմնի գործունեության հիմնական ուղղությունները` անդրադառնալով մասնավորապես օպերատիվ և քննչական գործունեության առանձնահատկություններին ու հատկապես Բյուրոյի կազմում թվային փորձաքննությունների իրականացման առանձնացված ստորաբաժանում ունենալու հանգամանքին, ինչն ավելի արդյունավետ և օպերատիվ է դարձնում քննչական աշխատանքները: Ներկայացվել են նաև կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ տարվող միջոցառումները և դրանց շրջանակում իրականացվող կրթական ծրագրերը, որոնք միտված են կոռուպցիայի դեմ պայքարի հանրային իրազեկման բարձրացմանը:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, իր հերթին,  ներկայացրել է նախորդ տարվա հոկտեմբերից գործող նորաստեղծ կառույցի գործունեությունը, տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումներն ու հակակոռուպցիոն մարմնի առջև ծառացած հիմնական մարտահրավերները:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են փոխանակվել օպերատիվ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ինչպես նաև թվային փորձաքննությունների արդյունավետ տեխնոլոգիաների և քննչական մեթոդների կիրառման հմտություններով ու փորձով:

Հատկապես կարևորվել է օպերատիվ գործունեության ժամանակ տեղեկատվական նորարարական տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը: Կոմիտեի նախագահը դիտարկել է նաև քննչական մարմնում թվային փորձաքննությունների իրականացման դրական փորձի ներդրման հնարավորությունը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում:

Այցի շրջանակներում հանդիպում է կազմակերպվել նաև ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության հարցերով ԵԱՀԿ համակարգող, դեսպան Իգլի Հասանիի, վերջինիս տեղակալ Լոռենցո Ռիլաշիատիի և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերի համակարգող Անդրեյ Մունտեանի հետ:

Վերջիններս իրենց գոհունակությունն են հայտնել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության վերաբերյալ` նշելով, որ Հայաստանում նման կառույցի ստեղծումն արդեն հաջողված օրինակ են համարում և վստահ են, որ ժամանակի ընթացքում այն նկատելի հաջողություններ կարձանագրի կոռուպցիայի դեմ պայքարում` ապացուցելով իր գործունեության արդյունավետությունը: Կողմերը փոխադարձ կարևորել են նախանշվող ծրագրերի շրջանակում երկկողմ օրակարգի ընդլայնումն ու համագործակցության զարգացումը:

Սասուն Խաչատրյանը ևս, շնորհակալություն հայտնելով ԵԱՀԿ ղեկավար կազմին Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում ցուցաբերվող շարունակական աջակցության համար, համոզմունք է հայտնել, որ արդեն իսկ առկա սերտ համագործակցությունը կշարունակվի նույն պատրաստակամությամբ և նոր ծրագրերի նախաձեռնմամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում