Ինչպես է սեփականաշնորհվել երաժշտական դպրոցի 300 քմ տարածքը. Հասմիկ Պողոսյանը մեղադրյալ՝ նոր գործով

ՎՎարդուհի Բալյան

Դատախազը ցույց է տալիս պետական սեփականություն հանդիսացող Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողատարածքը, որի վրա պետք է կառուցվեր «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրը, բայց...

Ծովակ Մնացականյան (Երևանի դատախազության ավագ դատախազ) - Այս հատվածում հիմա արդեն բազմահարկ շենք ա կառուցված:

Հենց այս գործով էլ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, Չայկովսկու անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Մարտունի Կոստանդյանն ու ևս 4 անձ մեղադրյալի կարգավիճակ ունեն: Ըստ մեղադրանքի՝ Պողոսյանը, զբաղեցնելով նախարարի պաշտոնը, օժանդակել է «Սոխոսենթր» ընկերության հիմնադիրներին և տնօրենին խարդախությամբ հափշտակել երաժշտական դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը: Դատախազը ներկայացնում է տարիներ առաջ տեղի ունեցած գործարքի մանրամասները: Ըստ այդմ՝ երբ 2012-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը ճանաչվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք, հիմնադրվել է «Սոխոսենթր» ընկերությունը՝ դպրոցի տնօրենի եղբոր ղեկավարությամբ: Նա դիմել է Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Ծովակ Մնացականյան - Առաջարկել է ներդրումային ծրագիր Երևանի քաղաքապետին:

Ընկերության առաջարկած նախագծի համաձայն՝ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրում պետք է լինեին գրադարան ու համակարգչային սրահներ: Բացի այդ, դպրոցի համար պետք է կառուցվեր նոր կաթսայատուն, ըստ ներդրումային ծրագրի՝ պետք է կատարվեին այլ շինարարական աշխատանքներ, որոնք կնպաստեին դպրոցի հետագա զարգացմանը: Նախագծի արժեքը շուրջ 800 մլն դրամ էր: Նույն թվականին՝ 2012-ին, Տիգրան Սարգսյանի կառավարությունը հավանություն է տվել ծրագրին:

Ծովակ Մնացականյան - և լիազորում է Մշակույթի նախարարությանը վերահսկողություն սահմանել ծրագրի իրականացման որակի, արժանահավատության, փաստաթղթերի կազմման, շինարարության աշխատանքների և մի շարք այլ հանգամանքների նկատմամբ:

Շինարարության կատարման ժամկետը սահմանվել էր 2,5 տարի՝ պայմանագրերի կնքման օրվանից: Նախարարությունը ընկերության հետ երկու պայմանագիր էր կնքել՝ մեկով օտարվում էր հողատարածքը և գրավադրվում մինչև պարտավորությունների կատարումը, մյուսով կապալառուն պարտավորվում էր կառուցել կաթսայատուն և համերգային դահլիճ՝ դրա դիմաց ստանալով հողատարածքը:

 Ծովակ Մնացականյան - Մշակույթի նախարարը որպես ընկերության պարտավորություններ չի ներառել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման պարտավորությունը, այլ սահմանել է ուղղակի Չայկովսկու անվան դպրոցի վերնահարկի կառուցումը և նոր կաթսայատան կառուցումը:

Երբ մոտեցել է կառավարության որոշմամբ սահմանված 2.5 տարի ժամկետը՝ 2014 թվականի հունիսին, կառավարությունը նոր որոշում է կայացրել՝ դպրոցի տնօրենի առաջարկով: Նա որոշել է, որ վերնահարկի կառուցման կարիք չունեն, փոխարենն առաջարկել է սպորտդահլիճն ու դպրոցի այլ հատվածները նորոգեն: Կառավարությունը հավանություն է տալիս այդ առաջարկին ևս: Բայց այսքանով դպրոցի տնօրենի ցանկություններն ու փնտրտուքը չեն սահմանափակվում:

Ծովակ Մնացականյան - Շատ կարճ ժամանակ անց՝ 2015 թվականի հունիսի 10-ին, կայացվում է Կառավարութան նոր որոշում, նոր որոշման հիմքը ևս հանդիսանում է դպրոցի տնօրենի գրությունը, որով տնօրենը հայտնում է, որ հիմնանորոգման աշխատանքներ կատարելու անհրաժեշտությունն արդեն վերացել է, և դպրոցը կարիք ունի նոր երաժշտական գործիքների:

Այսպիսով՝ դպրոցին պետք է տրամադրվեին հիմնանորոգման գնին համապատասխան երաժշտական գործիքներ:

Ծովակ Մնացականյան - Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ մշակութային արժեքների հետ կապված փորձաքննություն, որպեսզի պարզվի, թե ներկայացված երաժշտական գործիքները համապատասխանո՞ւմ են արդյոք այն արժեքներին, որոնք տրամադրվել են Մշակույթի նախարարությանը:

Տրամադրելով որոշ քանակի երաժշտական գործիքներ և կառուցելով նոր կաթսայատուն՝ ընկերությունը չի կառուցել նախատեսված գրադարանն ու համակարգչային սրահները, բայց սեփականաշնորհել է 300 քմ տարածքը: Այս ամբողջ գործընթացն ուղեկցվել է ընկերության բաժնետերերի փոփոխություններով:

Ծովակ Մնացականյան - Մի շարք այլ գործարքներ վարույթն իրականացնող մարմնի կողմից ակնհայտ կերպով դիտարկվել են որպես ձևական գործարքներ, սակայն ունենք արդյունքում պատկեր, երբ կառավարության որոշմամբ սահմանված հսկայածավալ պարտավորությունները սակարկվել են և դրանով պայմանավորված պետական սեփականություն հանդիսացող գույքը օտարվել է:

Ըստ դատախազության՝ պետությանը այսպիսով պատճառվել է 100 մլն դրամի վնաս, միջոցներ են ձեռնարկվում հողատարածքը պետությանը վերադարձնելու ուղղությամբ: Բացի Հասմիկ Պողոսյանից, այս գործով մեղադրյալներ են «Սոխոսենթր» ընկերության այն ժամանակվա, Կոմիտասի թանգարանի այժմյան տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, նրա եղբայր, երաժշտական դպրոցի տնօրեն Մարտունի Կոստանդյանը, ընկերության համահիմնադիրները, բաժնեմասի սեփականատերից մեկը:

Քննչականի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մեր զրույցում ասաց, որ ընկերության նախկին տնօրենը և բաժնեմասի սեփականատերը բացակայում են Հայաստանից, միջոցներ են ձեռնարկվում նրանց գտնվելու վայրը պարզելու նպատակով, Հասմիկ Պողոսյանը հետախուզվում է մեկ այլ՝ ԱՕԿՍ-ի շենքի օտարման գործի շրջանակում, մյուսների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Լուրերը» փորձեց մեկնաբանություն ստանալ Հասմիկ Պողոսյանի պաշտպանից և Մարտունի Կոստանդյանից, բայց ապարդյուն:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում