Մասնագիտական վերապատրաստման կենտրոն՝ Պրոբացիայի ծառայության շահառուների համար Արարատ համայնքում

ՀՀայկ Նավասարդյան

Կարմիր ժապավենը կտրում են արդարադատության նախարարի պաշտոնակատարն ու Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը. Արարատ համայնքում բացվում է իր տեսակի մեջ եզակի՝ Պրոբացիայի ծառայության առաջին՝ մասնագիտական վերապատրաստման կենտրոնը:

Առաջնային խնդիրն է լինելու, որ այստեղ շահառուները հմտություններ ձեռք բերեն տարբեր գործիքներով:

Գևորգ Սիմոնյան (ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության պետ) - Մենք ընտրել ենք մասնագիտություններ՝ հաշվի առնելով կարիքները և շահառուների ցանկությունները:

2018-ից Կառավարությունը որդեգրել է քրեական արդարադատության ոլորտում պատժողական քաղաքականությունից անցում վերականգնողական մշակույթի:

Արարատում բացված այս կենտրոնն էլ դրա վառ ապացույցն է՝ շեշտում է արդարադատության նախարարի պաշտոնակատարը:

Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար) - Սա պիլոտային նախագիծ է, և վստահեցնում եմ, որ երկու-երեք ամիս հետո, երբ ամբողջովին համալրենք այս կառույցը, նման կառույցներ կստեղծենք նաև այլ մարզերում:

Վարսահարդարման հմտություններից կարի տեխնոլոգիա, կոսմետոլոգիա և կահույքի պատրաստման հմտություններ: Այստեղ կդասավանդեն վերապատրաստված մասնագետները, կսովորեն Արարատի մարզից նրանք, որոնց նկատմամբ դատարանը այլընտրանքային խափանման միջոց է կիրառել: Տարեկան 30 հոգի նոր կարողություններով այստեղից դուրս կգա:

Տիգրան Դարբինյան (կահույքագործ) - Շահառուներին կփորձեմ մանրամասն բացատրեմ, որպեսզի այս գործում հմուտ լինեն, ու իրանց կյանքում մեծ օգուտ կլինի, մնացածը իրենցից է կախված:

Իրենցից կախվածը, վստահեցնում են՝ անում են, կյանքը նոր էջից սկսել է պետք:

Պիլոտային այս ծրագիրն իրականացվել է արդարադատության նախարարության, Եվրոպայի խորհրդի և «Իրավական կրթության վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի գործակցությամբ՝«Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» նախագծով: Իրավախախտների վերաինտեգրումը կարևոր քայլ է՝ նշում է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը:

Մարտինա Շմիդտ (ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար) - Իսկապես տպավորված եմ. պետք է խոստովանեմ՝ շրջայցի ընթացքում, տեսնելով այս կենտրոնի ընձեռած հնարավորությունները, հուզվեցի:

Փորձնական այս աշխատանքից հետո հաջորդ այցին արդեն պատրաստի արտադրանք կունենան:

Արդարադատության նախարարության տեսլականն է՝ այսպիսի կենտրոններ ունենալ նաև հանրապետության բոլոր մարզերում. այս պահին Պրոբացիոն ծառայությունում հաշվառված է 3400 շահառու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում