«Վախենալը ոչ այնքան օգտակար դիրքորոշում է, պետք է աշխատել». Փաշինյանը պատասխանել է Դորոնովի հարցերին

ԱԱլիս Մելիքսեթյան

ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Երբ միջազգային հանրության և հատկապես Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ իրավիճակի վրա, կան կոնկրետ մտահոգություններ, որ դա կարող է տարածաշրջանում բերել իրավիճակի ապակայունացման». Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի շեշտադրումն է Վլադիվոստոկում «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ- Տեղյակ եք, որ 2020 թվականին մենք պատերազմ վերապրեցինք, և երբ Ադրբեջանը սկսեց այդ պատերազմը, միջազգային հանրության ողջ ուշադրությունը, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության, կենտրոնացած էր կորոնավիրուսի պանդեմիայի վրա: Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության և մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կկարողանանք կառավարել ու մեր տարածաշրջանային իրավիճակը պահել վերահսկողության ներքո:

Փաշինյանի խոսքով՝ կան ուժեր, որոնք մեծ էներգիա են ծախսում, որ Հայաստանը Մոսկվայում ներկայացնեն որպես պրոարևմտյան կառավարությամբ պետություն, իսկ Եվրոպայում և Արևմուտքում՝ խիստ պրոռուսական, և դա օգտագործել որպես գործոն տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման համար:

Նիկոլ Փաշինյան - Շատ ուրախ եմ, որ մենք այս հարցերի շուրջ գտնվում ենք սերտ երկխոսության մեջ մեր գործընկերների հետ` փորձելով պարզաբանել մեր դիրքորոշումները միջազգային օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ: Իհարկե, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ինչպես եղել, այնպես էլ մնում են ու պետք է լինեն դաշնակցային, ռազմավարական: Հույս ունենք, որ այդ գործոնը կլինի առանցքային մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության համար:

ԿԱ ՈՉ ՎԱՏ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ. ՎԱՐՉԱՊԵՏ

Վարչապետն իր ելույթում անդրադարձավ նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ հիշեցնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

Նիկոլ Փաշինյան - Դրանից հետո` 2021 թվականի հունվարի 11-ին, այս անգամ` Մոսկվայում, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, ստորագրել ենք եռակողմ հայտարարություն` ստեղծելու աշխատանքային խումբ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ, որը զբաղվում է մեր տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների բացման ուղղությամբ: Այս նախագծի գաղափարն այն է, որ Հայաստանը տրանսպորտային ուղիներ կստանա Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանը տրանսպորտային ուղիներ կստանա Հայաստանի տարածքով: Գլոբալ առումով, դա նոր միջազգային առևտրային ուղիների բացման հնարավորություն է:

Հայաստանը հետաքրքրված է տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման հարցով՝ նշեց Փաշինյանը, հույս հայտնեց Ռուսաստանի աջակցությամբ մոտ ապագայում լուծել այդ հարցը:

Նիկոլ Փաշինյան - Այստեղ, իհարկե, ամեն ինչ որոշված չէ: Կա ոչ վատ առաջընթաց եռակողմ հանձնաժողովի աշխատանքում, բայց ամեն ինչ որոշված չէ, քանի որ պետք է լուծել իրավական բնույթի հարցեր, թե ինչպիսի իրավական կարգավորումներով պետք է գործեն այդ ճանապարհները: Ընդհանուր դիրքորոշումը հստակ է, որ բացվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների լիակատար սուվերենությամբ, որոնցով դրանք անցնում են: Եվ մենք հույս ունենք, որ այդ սկզբունքով կկարողանանք իրականացնել այդ նախագիծը, որը մենք անվանում ենք «Հայկական խաչմերուկ»:

Վարչապետը հուսով է, որ Հայաստանի տարածքով կանցնեն հարավը հյուսիսին, արևմուտքը արևելքին կապող ճանապարհները:

Նիկոլ Փաշինյան - Կարծում եմ` այդ նախագիծը շատ կարևոր է ոչ միայն տարածաշրջանի երկրների` Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի համար, այլ նաև Ռուսաստանի Դաշնության, հեռավորարևելյան երկրների, ընդհանրապես` արևելյան երկրների, աֆրիկյան տարածաշրջանի համար, Մերձավոր Արևելքի համար նույնպես: Սա իրապես գլոբալ նախագիծ է, որը հույս ունենք իրականացնել:

Անդրադարձ եղավ նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:

Նիկոլ Փաշինյան - Գիտեք, որ սկսել ենք խոսակցություն Թուրքիայի հետ: Հույս ունենք Ռուսաստանի աջակցությամբ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ:

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆԴԳԾԵԼ Է ՌԴ՝ ՈՐՊԵՍ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ

Փաշինյանը խոսեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին:

Նիկոլ Փաշինյան - Ինտենսիվ խոսակցություն է գնում Ադրբեջանի հետ` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Այս համատեքստում նույնպես ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակցի: ՌԴ-ն նաև շատ մոտ գործընկեր է Ադրբեջանի համար նույնպես, կարծում եմ՝ դա հնարավորություն է բացում: Ցանկանում եմ ընդգծել նաև ՌԴ դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ:

Կան նաև լավ նորություններ, նշեց Նիկոլ Փաշինյանը. Հայաստանի կառավարությունը նպատակադրվել է նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ ունենալ:

Նիկոլ Փաշինյան - Եվ այդ համատեքստում, ցանկանում եմ ընդգծել, որ Եվրասիական տնտեսական միությունը մեր երկրի համար արդարացրել է իրեն այս կոնկրետ իրավիճակում ևս, քանի որ այն տնտեսական աճը, որն այժմ նկատվում է Հայաստանում, կապված է այն ազատությունների հետ, որոնք ապահովում է Եվրասիական տնտեսական միությունը: Նկատի ունեմ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ու մենք սա ուղիղ տեսնում ենք: Իհարկե, այստեղ պետք է աշխատել հաջորդ փուլի վրա, որպեսզի պահպանենք այդ դինամիկան, որ նման տնտեսական աճից հետո տնտեսական նոր ճգնաժամ չառաջանա:

ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵԼ ԿԱՌԱՎԱՐԵԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ. ՎԱՐՉԱՊԵՏ

Աշխարհի բոլոր կառավարություններն՝ առանց բացառության, ցանկանում են խաղաղություն և կայունություն, բայց յուրաքանչյուրն ունի իր պատկերացումը խաղաղության և կայունության մասին: Խնդիրը ինչ-որ կերպ այդ պատկերացումները մոտեցնելն է: Այսպես իր ելույթն ավարտեց Հայաստանի վարչապետը: Այնուհետև Փաշինյանը պատասխանեց ֆորումը վարող լրագրող Իլյա Դորոնովի հարցերին:

Իլյա Դորոնով (լրագրող)Վերջին մի քանի շաբաթներին Դուք Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ շփվել եք մի քանի անգամ, եկել եք Վլադիվոստոկ` ֆորումին մասնակցելու, իսկ չե՞ք վախենում, որ կընկնեք պատժամիջոցների տակ:

Նիկոլ Փաշինյան - Կարծում եմ` վախենալը ոչ այնքան օգտակար դիրքորոշում է, պետք է աշխատել, ինչպես ասացի, կառավարել այն մարտահրավերները, որոնք ի հայտ են գալիս, և փորձել ոչ միայն նկատել այն հնարավորությունները, որոնք բացվում են, այլ նաև աշխատել, որպեսզի նոր հնարավորություններ բացվեն: Իհարկե, մենք ևս մտահոգված ենք առևտրային, էներգետիկ անվտանգությամբ: Պետք է ասել, որ մեզ մոտ ևս մեծ գնաճ է, և այն ուղիղ ազդում է մեր երկրի սոցիալական վիճակի վրա, բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը կառավարելի է: Խնդիր կա, բայց մենք չունենք ճգնաժամային իրավիճակ:

Փաշինյանն անդրադարձավ նաև դեպի Հայաստան ՌԴ քաղաքացիների հոսքի մասին հարցին:

Նիկոլ Փաշինյան - Բազմաթիվ մարդիկ պարզապես եկել են Հայաստան, քանի որ մարդկանց անհրաժեշտ է ստանալ աշխատավարձեր, որովհետև նրանք, փաստացի գտնվելով Ռուսաստանում, աշխատում են Արևմուտքի հետ: Ֆինանսական փոխանցումների հետ կապված խնդիրների պատճառով նրանք այժմ տեղափոխվել են Հայաստան: Իմ ելույթում ես փորձեցի ներկայացնել մեր տեսակետը: Հույս ունեմ, որ դա Ռուսաստանում ընկալվում է որպես ԵԱՏՄ-ում տեղաշարժ, քանզի ԵԱՏՄ-ն հենց դրա համար էլ ստեղծվել է, որպեսզի տեղի ունենա ապրանքների, ծառայությունների, աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժ, ինչը և այժմ մենք տեսնում ենք իրականում:

Վարչապետը շեշտեց՝ մարտին Հայաստանը տնտեսական խնդիրներ ուներ, և մարդիկ, որոնք ժամանեցին Հայաստան, օգնեցին հաղթահարել դրանք:

Նիկոլ Փաշինյան - Դուք հարցրիք հնարավոր պատժամիջոցների մասին, ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հարցի վրա. եթե թեորեապես Հայաստանը հայտնվի պատժամիջոցների տակ, դա ձեռնտու չի լինի Ռուսաստանին: Ի՞նչ ենք առաջարկում. մենք առաջարկում ենք համագործակցել գրագետ և օգտագործել այն հնարավորությունները, որոնք այժմ բացվել են, և նկատել նաև այն մարտահրավերները, որոնք առնչվում են ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև ԵԱՏՄ-ին, մեր համագործակցությանը, որպեսզի կառավարենք և ինչ-որ կերպ չեզոքացնենք այդ մարտահրավերները: Այնպես որ, մենք շատ ուրախ ենք ՌԴ այն քաղաքացիների համար, որոնք ժամանել են Հայաստան: Երբ այս տարվա առաջին կիսամյակում քննարկում էինք, մեր ռուս գործընկերների ուշադրությունը հրավիրեցի հետևյալի վրա. եթե նրանք տեղափոխվում են Հայաստան` նրանք մնում են Եվրասիական տնտեսական միությունում, և հնարավորությունը, որ կվերադառնան Ռուսաստան՝ Հայաստանից, մի քանի անգամ ավելի է, քան այն, որ նրանք աշխատեն Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում: Նախկինում շատ ռուս զբոսաշրջիկներ արձակուրդներին ժամանում էին Հայաստան, այժմ արձակուրդին ժամանում են Ռուսաստան:

Չնայած սրան՝ խնդիր կա անշարժ գույքի ոլորտում, քանի որ Հայաստանում գները բարձրանում են: Դա, ըստ վարչապետի, մյուս կողմից ստեղծում է նոր հնարավորություններ: Այս տարի արդեն շինարարության ոլորտում 13 տոկոս աճ է արձանագրվել:

Երկրի ղեկավարը ռուս գործընկերների ուշադրությունը հրավիրեց այս հարցի վրա՝ շեշտելով, որ Հայաստանը հիանալի առաջխաղացում է արձանագրում ազատ տնտեսություն ունեցող պետությունների վարկանիշային աղյուսակում, և հույս կա, որ համաշխարհային մասշտաբով վարկանիշային աղյուսակում կհայտնվի լավագույն տասնյակում:

Հեղինակ` Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում