19-րդ «Ոսկե ծիրան». կինոտոնը սկսված է

ՆՆունե Ալեքսանյան

Երևանը դարձյալ զարդարվել է կինոտոնի ազդագրերով, և կարմիր գորգը փառատոնային դահլիճ է բերում մեծ էկրանի տիտղոսավոր դեմքերի, Կաննի, Բեռլինի և Վենետիկի ֆավորիտ ռեժիսորների ու նոր անունների, որոնք հավակնում են ապահովել կինոյի լավագույն ավանդույթների շարունակականությունը: Եռամյա բարդ փուլից հետո 19-րդ «Ոսկե ծիրանը» վերադառնում է իր բնականոն ընթացքին:

Արա Խզմալյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Անցել ենք համավարակի սահմանափակումների բարդ շրջանը, և արդեն շուրջ 20 տարի փառատոնը կամուրջ է մեր և աշխարհի միջև:

Հարություն Խաչատրյան («Ոսկե ծիրան» ՄԿՓ հիմնադիր նախագահ) - Լավ փառատոնի երեք կարևոր գործոն կա՝ լավագույն ֆիլմեր, լավագույն ժյուրի և լավագույն հանդիսատես, մեզանում այդ երեքն էլ առկա են:

Փառատոնային շաբաթը կինոհայտնությունների մի ամբողջ շարք է խոստանում հանդիսատեսին՝ 100-ից ավելի ֆիլմեր, եվրոպական Ա կարգի փառատոների լավագույն ֆիլմերի ընտրանի և հանդիպումներ կինոլեգենդների հետ:

Կարեն Ավետիսյան («Ոսկե ծիրան» ՄԿՓ գեղարվեստական ղեկավար) - Այս տարի 150-ից ավելի միջազգային հյուրեր ունենք, և խնդիրը քանակը չէ, այլ նրանց վարկն ու հեղինակությունը: Համարում ենք, որ հաջողված փառատոն է:

«Ոսկե ծիրանի» բարի ավանդույթի համաձայն՝ փառատոնի պատվո մրցանակների՝ Փարաջանովյան թալերների հասցեատերը համաշխարհային կինոյի երեք մեծ վարպետներն են՝ Կաննի և Բեռլինի գլխավոր մրցանակակիր, լեգանդար ռեժիսոր Կոստա Գավրասը, հռչակավոր Ալբերտ Սեռան և օսկարակիր Թերի Ջորջը: Ստանալով պատվո մրցանակը՝ Ալբերտ Սեռան նշում է՝ հայերի հետ զուգորդումները սկսվում են Փարաջանովից և շարունակվում Ատոմ Էգոյանով, Թերի Ջորջը հայերի առավելություններին հավելում է նաև հայկական հրաշալի կոնյակը: Փառատոնը բացվեց Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով, որը հայրենադարձված ամերիկահայի հուզիչ ու գեղեցիկ պատմություն է, որում բացի ստալինյան բռնապետությունից արձագանքվում է նաև Եղեռնի ողբերգությունը:

Մայքլ Գուրջյան («Ամերիկացի» ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ և գլխավոր դերակատար) - Ես շատ էի ուզում նկարահանել մի ֆիլմ, որը լի է հույսով, և որում ցույց կտրվեր Հայաստանի պատմության մի այլ կողմը, այդ ժամանակաշրջանը շատ կարևոր և հետաքրքիր է ինձ համար:

Արման Նշանյան («Ամերիկացի» ֆիլմի պրոդյուսեր) - Այս ֆիլմն ամբողջությամբ հայկական արտադրանք է, և հպարտ ենք, որ համաշխարհային պրեմիերան «Ոսկե ծիրանում» է:

Իսկ հուլիսի 11-ից փառատոնում սկսվում են նաև մրցութային ծրագրերը՝ բացահայտելու նոր անուններ և նոր կինոգեղագիտություն, որոնք արդեն կինոաշխարհին կներկայացնի երևանյան փառատոնը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում