Ավրորայի փրկության պատմությունը՝ միջազգային կինոփառատոներում

ՆՆունե Ալեքսանյան

«Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմը սկսել է իր փառատոնային կենսագրությունը. վերջերս ընդգրկվել է Անեսի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի մրցութային ծրագրում, որտեղ էլ տեղի ունեցավ ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Հաջորդ փառատոնային հասցեն հայկական «Ոսկե ծիրանի» միջազգային մրցույթն է, որում, ըստ փառատոնի կազմակերպիչների, հայկական ֆիլմերը հավասար մրցակցություն կսկսեն կինոաշխարհի լավագույն ֆիլմերի հետ: Ի դեպ, «Ավրորայի լուսաբացը» միջազգային մրցույթի միակ հայկական ֆիլմն է:

Իննա Սահակյան («Ավրորայի լուսաբացը» ֆիլմի սցենարի հեղինակ, ռեժիսոր) - «Բարս մեդիայի» ֆիլմերը միշտ մասնակցել են «Հայկական համայնապատկերին», մի անգամ էլ Վարդան Հովհաննիսյանի ֆիլմն է եղել միջազգային մրցույթում. սա շատ ավելի բարձր նշաձող է մեզ համար:

Այս կինոնախագծի իրականացումը շատ բարդ ընթացք է ունեցել, երկարաձգվել է գրեթե 7 տարի և նոր միայն հայտնվել մեծ էկրանին: Հայոց ցեղասպանությունից փրկված Ավրորա Մարդիգանյանի զարմանալի պատմությունը, նրա «Հոշոտված Հայաստան» փաստագրական հուշագրությունն ու «Հոգիների աճուրդ» ֆիմում նկարահանումը մեծ հնչեղություն ստացան ամբողջ աշխարհում: Ֆիլմի ռեժիսորը մշտապես Ավրորային համեմատում է Աննա Ֆրանկի հետ և վստահ է՝ նույնքան ազդեցիկ մարդկային պատմություն է, որը «Զորյան» ինստիտուտի Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուի հետ համամարդկային հնչեղություն է տալիս այս պատումին:

Իննա Սահակյան - Ըստ իս՝ Ավրորայի պատմությունը չի զիջում Աննա Ֆրանկին, և որպես ազգ՝ չենք կարող անցնել սրա կողքով:

Իր ասելիքի ուժով և գրավչությամբ այս նախագիծն անմիջապես ստացավ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությունը և արդեն 2019-ին արժանացավ նաև եվրոպական ամենամեծ կինոհիմնադրամի՝ «Եվրիմաժի» ֆինանսավորմանը:

Իննա Սահակյան - Համատեղ արտադրությունն այսօր ֆիլմ նկարելու միակ ճանապարհն է, բայց շատ բարդություններ կան: Մեր նախագիծն առ այսօր միակն է, որ ստացել է այդ աջակցությունը:

Ֆիլմը կշարունակի իր փառատոնային ճանապարհը՝ աշխարհին ներկայացնելով Ավրորայի փրկության ու վերածննդի պատմությունը, որն, ըստ էության, պատմություն է այն մասին, թե ինչպես լույսը հաղթեց խավարին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում